Մատչելի հղումներ

«Դամասկոսում վնասվածքներ են ստացել հայ կաթողիկե դպրոցի աշակերտներ և մանկավարժներ». Հայաստանի ԱԳՆ


Ռմբակոծության հետևանքով վնասվածքներ ստացածների թվում են ազգությամբ և ծագումով հայ 6 աշակերտ, ինչպես նաև 3 ուսուցիչ

Հայաստանի արտգործնախարարությունը նոր տեղեկություններ է հրապարակել Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում գտնվող Հայ Կաթողիկե «Փարոս» վարժարանի ուղղությամբ իրականացված ռմբակոծության վերաբերյալ:

«Ապրիլի 15-ին առավոտյան ժամը 7:45-ին հարևան տարածքում տեղակայված զինյալ խմբավորումների կողմից Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում գտնվող Հայ Կաթողիկե «Փարոս» վարժարանի վրա նետված 3 արկերը պատճառել են նյութական մեծ վնասներ: Ռմբակոծության հետևանքով վիրավորվել են շուրջ 60 աշակերտներ և վարժարանի մանկավարժներ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ռմբակոծության հետևանքով վնասվածքներ ստացածների թվում են ազգությամբ և ծագումով հայ 6 աշակերտ, ինչպես նաև 3 ուսուցիչ:

«Դամասկոսի ֆրանսիական հիվանդանոց տեղափոխված հայ 9 վիրավորներին այցելեցին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և Դամասկոսի Հայ Առաքելական Թեմի Առաջնորդ գերաշնորհ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ինչպես նաև միությունների ղեկավարներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի արտգործնախարարությունը ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հրապարակված հաղորդագրություն մեջ ասված էր, որ Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել էր մեկ մարդ: Նախարարության կողմից հրապարակված նոր հաղորդագրության մեջ զոհերի մասին տվյալներ չկային:

Հայաստանի արտգործնախարարությունը օրերս տեղեկացրել էր, որ Սիրիայում Հայաստանի դեսպանության միջոցով, «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 դոլարի չափով:

«Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական օգնությունը, ըստ պաշտոնական հաղորդագրության, փոխանցվել է Սիրիայի Լաթակիա քաղաքի շտապօգնության մարմնին:

Հիշեցնենք, որ Քեսաբի խնդրի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մուտքի առջև անցյալ երեքշաբթի օրը մամուլի ասուլիս էին անցկացրել ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Քոսթան, Աննա Էշուն, Ջուդի Չուն և Ֆրենք Փալունը, որոնք կենտրոնացել էին այս գործողություններին Թուրքիայի մասնակցության փաստի վրա ու ներկայացրել իրադրությունը շտկելու համար իրենց տեսակետները։ Հանդիպմանը մասնակցություն էր ունեցել նաև Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը։

«Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում առնվազն 150 հազար մարդ է սպանվել, որոնցից մեկ երրորդը քաղաքացիական անձինք։ Սակայն ամենաշատն այստեղ տուժում են ազգային փոքրամասնությունները, հատկապես քրիստոնյաները, որոնց մի մասն աշխարհի հնագույն ժողովուրդներն են», - ասել էր կոնգրեսական Ադամ Շիֆը՝ օրինակ բերելով Քեսաբի հայության դեմ Թուրքիայի սահմանից «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ծայրահեղական խմբերի կողմից իրականացված հարձակումները։

«Սիրիայում 150 հազար զոհը մարդկային մերօրյա ողբերգություն է» - «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին ի պատասխան ասել է Ադամ Շիֆը՝ հավելելով. «Մեր գործն այս իրողությունների մասին բարձրաձայն խոսելն է ու պահանջելը, որպեսզի պաշտպանվեն քաղաքացիական անձինք ու փոքրամասնությունները։ Չպետք է թույլ տալ Քեսաբի կրկնություն ապագայում»։

Կոնգրեսական Շիֆը վստահություն էր հայտնել, որ հայերը կվերադառնան Քեսաբ, եթե «ԱՄՆ-ը ու միջազգային համայնքը աշխատեն այս ուղղությամբ»:
XS
SM
MD
LG