Մատչելի հղումներ

Թուրքիան նախատեսում է Հայաստանի նկատմամբ վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել


Թուրքիան նախատեսում է Հայաստանի նկատմամբ վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել

«Թուրքիայի իշխանությունները, հարևան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերի շրջանակում, նախատեսում են վստահության ամրապնդմանն ուղղված նոր քայլեր ձեռնարկել»։ Թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վկայակոչելով Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների կողմից տրամադրված տեղեկությունները, գրում է, որ Երևանն այս միջոցներն ընդունում է որպես «փոքր և խորհրդանշական քայլեր, որոնք չեն սահմանափակվում եկեղեցու վերականգնմամբ»։

Թերթի համաձայն, հայկական կողմին ուղարկվող դրական ազդանշաններից մեկը Հայաստանի մայրաքաղաքում «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցչության բացումն է լինելու։

«Այս որոշումը դեռևս վերջնական չէ, սակայն դրա շուրջ լուրջ քննարկումներ են անցկացվում», - հայտնել է թերթի աղբյուրը։

Մեկ այլ ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել չարտերային թռիչքներ Վան և Երևան քաղաքների միջև, ինչի համար, թերթի համաձայն, «անհրաժեշտ կլինի արդիականացնել Հայաստանի մայրաքաղաքի օդանավակայանը»։ «Հուրիեթ»-ի աղբյուրների համաձայն, երկու ծրագրերը նախատեսվում է իրականացնել մոտակա ապագայում։

Թերթը տեղեկացնում է նաև, որ Թուրքիայում քննարկվում է երկրի կրթության նախարարի Հայաստան այցի հնարավորությունը, որը, սակայն, իրականացվելու է ոչ թե որպես երկկողմ, այլ, ենթադրաբար, որպես Վրաստանի կրթության նախարարի հետ կատարվող համատեղ այց։

«Հնարավոր է, որ այս ուղղությամբ ոչինչ չձեռնարկվի մինչև 2013, կամ նույնիսկ մինչև 2014 թվականը, քանի որ Թուրքիայի կառավարությանը, Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին վերադառնալուց առաջ, անհրաժեշտ է կարգավորել երկրի առջև ծառացած տարածաշրջանային այլ մարտահրավերներ», - հայտնել է թերթի աղբյուրներից մեկը։

«Հուրիեթ» պարբերականի համաձայն, չնայած այս մարտահրավերների, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի այցի ընթացքում թուրքական կողմը պատրաստակամություն դրսևորեց ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հիմքեր և շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքը։

«Ամերիկացիները, որպես երրորդ կողմ, նույնպես ցանկանում են ավելի անմիջական դեր ունենալ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործընթացում» - նշել է պարբերականի աղբյուրը՝ հավելելով, որ ընթացքում է նաև Շվեյցարիայի կողմից իրականացվող միջնորդությունը։

«Հուրիեթ»-ը հայտնել է նաև, որ չնայած 2009 թվականին երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունները ստորագրելուց հետո բանակցությունները մի շարք պատճառներով փակուղի են մտել, սակայն երկու կողմերը նախատեսում են իրականացնել արձանագրություններում նշված գաղափարները՝ առանց դրանք պետությունների խորհրդարաններին ներկայացնելու։

«Գաղափարը կայանում է նրանում, որ բացվելու է ոչ թե սահմանը, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետերը։ Սա երրորդ կողմերի միջև իրականացվող բանակցությունների՝ գաղտնի դիվանագիտության թեման է» – ասել է «Հուրիեթ»–ի աղբյուրը՝ հավելելով. «Հայկական կողմը երկու ուղերձ է հղել. առաջինը՝ «Մենք Թուրքիային ենք սպասում», և երկրորդը՝ «Հայաստանի համբերությունն անվերջ չէ»։ Այդ իսկ պատճառով վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելը կարևոր է»։

XS
SM
MD
LG