Մատչելի հղումներ

Մամուլի ազատության զեկույցում Հայաստանն ավելի բարձր տեղ է զբաղեցրել


Ըստ զեկույցի, Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել, և նախորդ տարվա համեմատ 3 տեղով առաջընթաց է գրանցել

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ նշվել է, որ անցյալ տարվա զեկույցի համեմատ Հայաստանի մամուլի ազատության ցուցանիշը բարելավվել է:

Ըստ զեկույցի, Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել, և նախորդ տարվա համեմատ 3 տեղով առաջընթաց է գրանցել:

Զեկույցում մամուլի ազատության իրավիճակը Հայաստանում համեմատվում է Վրաստանի՝ 100-րդ տեղ, Մոլդովայի՝ 55-րդ տեղ և Ղրղըզստանի 106-րդ տեղ, մամուլի ազատության իրավիճակի հետ:

«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում նշված է, որ թեև զեկույցում այս երկրները տարբեր տեղեր են զբաղեցրել, այնուամենայնիվ նրանց միջև ընդհանուր գծեր ունեն:

«Այս երկրներում առկա է լրատվամիջոցների լայն բազմազանություն և պետական գրաքննության ցածր մակարդակ, բայց նրանք նախկինի պես լուրջ խնդիրների են դեմ առ դեմ կանգնում՝ խնդիրների, որոնք առնչվում են լրատվամիջոցների ազատությանը և լրագրողների աշխատանքային միջավայրին: Վերջիններս հաճախ կրակի գծում են հայտնվում խիստ բևեռացված հանրությունում և ճնշման տարբեր խմբերի կողմից դիտվում իբրև հեշտ որս»,- ասված է զեկույցում:

Զեկույցի համաձայն, Հայաստանի հարևանությամբ գտնվող երկրներից Թուրքիան՝ 154-րդ, իսկ Ադրբեջանը՝ 156-րդ տեղում է:

Մամուլի ազատության զեկույցում նախորդ տարվա պես առաջին տեղում Ֆինլանդիան է, որին հաջորդում են Հոլանդիան, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Դանիան, Լիխտենշտեյնը, Նոր Զելանդիան, Իսլանդիան ու Շվեդիան:
Մամուլի ազատության ամենացածր ցուցանիշներ են գրանցել Սոմալին, Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցի համաձայն, մամուլի ազատության ցուցանիշով Միացյալ Նահանգները զբաղեցրել է 32-րդ, իսկ Ռուսաստանը՝ 147-րդ տեղը:
XS
SM
MD
LG