Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ


Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ
Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրն աշխատանքային այցով ժամանել է Իտալիա:

Այցի առաջին օրը Հայաստանի նախագահը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Նախագահի և Նորին Սրբության առանձնազրույցից հետո, տեղի է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

«Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակման կարևորությունը», - նշվել է մամուլի հաղորդագրությունում:

Հայասետանի նախագահ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ, որի ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը և խոսել են նաև մշակութային կապերի ամրապնդման մասին:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար:

«Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում և Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար», - ասված է հաղորդագրությունում:

Պետքարտուղար Կարդինալի հետ հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար և տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի:

XS
SM
MD
LG