Մատչելի հղումներ

Հայաստանը միացել է ԱՄՆ-ի կառավարության Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող «GPOI» ծրագրին


Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգները նախատեսում է տրամադրել մոտ 1,5 միլիոն դոլարի աջակցություն՝ 2 տարվա ընթացքում

Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող «Խաղաղության գլոբալ գործողությունների նախաձեռնություն»՝ «GPOI» անվանումը կրող ծրագրի գործընկեր պետություն:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության համաձայն, այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգները նախատեսում է տրամադրել մոտ 1,5 միլիոն դոլարի աջակցություն՝ 2 տարվա ընթացքում:

Նախաձեռնությունը, ըստ հաղորդագրության, միտված է ամրապնդելու ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, կարողությունները:

ԱՄՆ-ի դեսպանության համաձայն, Հայաստանի կողմից այս նախաձեռնությանը միանալու հանգամանքը վկայում է Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության մասին, որտեղ կարևորվում ու գնահատվում է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող միջազգային խաղաղապահ գործողություններին:

«Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող «GPOI» ծրագիրն ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է անվտանգության ոլորտում, որը ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողությունների արդյունավետ անցկացման միջազգային կարողությունների զարգացման նպատակ է հետապնդում՝ գործընկեր պետությունների խաղաղապահ կարողություններն վարժանքների միջոցով զարգացնելու ու պահպանելու, գործուղման համար պատրաստ զինվորական ու ոստիկանական միավորումների թվի ավելացման և զինվորական ու ոստիկանական միավորումները գործուղումներին նախապատրաստելու և նյութատեխնիկական ապահովումը դյուրացնելու եղանակով», - ասված է ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ, որի համաձայն ՄԱԿ-ի կողմից ներկայումս չորս մայրցամաքների տարածքում իրականացվող 15 խաղաղապահ գործողությունների շրջանակում ներգրավված է 115 պետությունների զինվորական, ոստիկանական ու քաղաքացիական անձնակազմի ավելի քան 116 հազար զինծառայող:
XS
SM
MD
LG