Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ու ԱԳ նախարարն ընդունել են Գերմանիայի Բունդեսթագի նախագահին


Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթ (արխիվային լուսանկար)

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ:

Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին և հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում:

«Հայաստանի հետ հարաբերությունները, Նորբերթ Լամերթիի համոզմամբ, ավանդաբար լավ և բարեկամական են, ինչը, նրա կարծիքով, ամուր հիմք և լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահն այցի շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովում ունեցած իր հանդիպումներն ու բանակցությունները երկխոսությունը զարգացնելու տեսանկյունից արդյունավետ և քաջալերող է համարել:
Երևանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահին նույն օրը հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ։

Զրուցակիցները, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության, գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական և մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևոր ձևաչափ երկուստեք ընդգծվեց խորհրդարանական ակտիվ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։

«Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Նորբերթ Լամերթը բարձր գնահատեց Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG