Մատչելի հղումներ

Հայաստանի ժողովրդին շնորհավորել է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը


ԱՄՆ-ի արտգործնախարարությունը սակայն մտահոգություն է արտահայտել տեղ գտած խախտումների և վարչական ռեսուրսի չարաշահումների կապակցությամբ

Հայաստանի ժողովրդին երկրում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը:

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին երկրում փետրվարի 18-ին անցկացված ընտրությունների կապակցությամբ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ընդհանուր առմամբ լավ անցկացված, ինչպես նաև բնութագրված հարգանքով հիմնարար ազատությունների, ներառյալ հավաքների և խոսքի ազատությունների, նկատմամբ: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ) կարծիքով, լրատվամիջոցները կատարել են հավասարակշռված լուսաբանման ապահովման պարտականությունը, և բոլոր թեկնածուներին հնարավորություն է ընձեռնվել օգտվել տրամադրված անվճար եթերաժամանակից», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի կողմից տարածված հայտարարությունում:

«Մենք սակայն կիսում ենք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի մտահոգությունը հանրային վարչարարության անկողմնակալության բացակայության և վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից, որի արդյունքում խզվել էր տարանջատումը պետական մարմինների և իշխող կուսակցության աշխատանքի միջև` ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը», - շեշտում է Նուլանդը՝ հավելելով. «Մենք համամիտ ենք այն եզրակացությունների հետ, որոնց համաձայն չնայած ընտրությունների օրն անցել է հանգիստ և կանոնավոր, սակայն տեղ են գտել գործընթացին ոչ պատշաճ միջամտություններ՝ հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, ինչպես նաև որոշ լուրջ խախտումներ, ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր»:

«Միացյալ Նահանգները շարունակելու է իրականացնել ընտրությունների միջազգային և տեղական դիտորդների եզրակացությունների, ինչպես նաև հետընտրական շրջանում ներկայացված բողոքների շուրջ դատական կարգով ընդունված որոշումների մոնիթորինգը: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետաքննել և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ արձագանքելով ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ արժանահավատ զեկույցների և հորդորում ենք բոլոր կողմերին հետընտրական շրջանում պահպանել հանգստություն և իրենց գործողություններում դրսևորել զսպվածություն»,- ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի կողմից տարածված հայտարարությունում:
XS
SM
MD
LG