Մատչելի հղումներ

«Միացյալ Նահանգները շահագրգռված է պաշտպանելու բոլոր անձանց համընդհանուր իրավունքները»


ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցը

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որի նախաբանում Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է պաշտպանելու բոլոր անձանց համընդհանուր իրավունքները:

«Այն կառավարությունները, որոնք հարգանքով են վերաբերվում մարդուն իրավունքներին, առավել խաղաղ և բարեկեցիկ են: Նրան լավ հարևաններ են, առավել ուժեղ դաշնակիցներ և տնտեսական գործընկերներ: Այն կառավարությունները, որոնք հարկադրում են աշխատատեղերի անվտանգությունը, արգելում են երեխաների շահագործումն ու հարկադիր աշխատանքը, ինչպես նաև ապահովում են իրենց քաղաքացիների կրթությունը, համաշխարհային շուկայում ստեղծում են գործելակերպի հավասար պայմաններ և հաճախորդների առավել լայն շրջանակ: Ընդհակառակը՝ այն կառավարությունները, որոնք վտանգում են խաղաղությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով, Իրանից մինչև Հյուսիսային Կորեա, նաև հանդիսանում են մարդու իրավունքների ամենակոպիտ խախտողներն են, և այս պետությունների քաղաքացիները դարձել են ներքաղաքական ճնշումների, տնեսական կորուստների և միջազգային մեկուսացման պատանդը», - զեկույցի նախաբանում ասել է արտգործնախարար Քերին:

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում ստեղծված իրավիճակին։

Մասնավորապես նշվել է, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքի, խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև դատական մարմինների անկախության սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

Զեկույցում ասված է, որ Հայաստանի օրենսդրական մարմնի 2012 թվականի մայիսի 6-ի անցկացված ընտրություններում տեղ գտած խախտումների թվում են եղել իշխանության գլուխ կանգնած կուսակցության օգտին կառավարական ռեսուրսների օգտագործումը, քվեներ գնելու մասին հավաստի մեղադրանքները, թերությունները բողոքարկման և բողոքների քննության գործընթացներում և ընտրական օրենսգրքում, չնայած բարելավումներին, դեռևս առկա թերությունները:

«Իշխանության բոլոր մակարդակներում շարունակվող կոռուպցիայի մասին մեղադրանքները վտանգել են օրենքի գերակայությունը, թեև իշխանությունները կատարել են որոշ սահմանափակ քայլեր՝ կաշառակերության մեջ ներգրավված լինելու համար պատժելով ցածր և միջին մակարդակի պետական պաշտոնյաների: Դատարանները շարունակել են մնալ գործադիր իշխանությունների քաղաքական ճնշման տակ, ինչի արդյունքում անցկացվել մի շարք քաղաքական շարժառիթներ ունեցող դատական գործընթացներ ու դատավճիռներ են կայացվել», - արձանագրված է ԱՄՆ-ի արտգործնախարարության զեկույցում:

Հաշվետու տարվա ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների թվում, ըստ զեկույցի, մատնանշվել են նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում կասկածելի մահվան, սպաների և զինծառայողների կողմից այլ զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերությունների և դրանց համար պատասխանատվության չենթարկելու դեպքերը:

Զեկույցում նշվել է, որ Հայաստանի ոստիկանությունը շարունակել է խոստովանություն կորզելու նպատակով քաղաքացիների նկատմամբ տանջանքներ կիրառել և մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրել ձերբակալության և հարցաքննության ընթացքում:

«Մարդու իրավունքների վիճակը 2012 թվականին» զեկույցում արձանագրվել է նաև, որ Հայաստանի բազմաթիվ բանտեր գերծանրաբեռնված են եղել, այնտեղ ապահովված չեն եղել պատշաճ սանիտարական պայմաններ և բժշկական ծառայություններ բանտարկյալների համար: Իշխանությունները շարունակել են առանձ բավարար կասկածներ ունենալու քրեական հանցագործությունների կատարման մեջ մեղադրյալների ձերբակալություններն ու բանտարկությունները, ինչպես նաև մարդկանց կամայական ազատազրկումները: Դատավարությունները, ըստ զեկույցի, հաճախ երկարաձգվել են, և դատարանները չեն կարողացել կիրառել օրենքները՝ արդար դատավարություն ապահովելու համար:

Անդրադառնալով լրատվամիջոցների իրավիճակին՝ զեկույցում ասված է, որ թեև նախընտրական շրջանում գրանցվել է լրատվամիջոցների կողմից բազմազան տեսակետների ներկայացում, սակայն ընտրարշավի ժամանակահատվածից դուրս չեն ապահովվել քաղաքական տեսակետների բազմազանությունն ու անաչառ լուսաբանումը:

«Կրոնական փոքրամասնությունների անդամները շարունակել են տուժել հասարակության մեջ մեկուսացումից: Տնային բռնությունները դարձյալ խնդիր են ներկայացրել, սակայն իշխանություններին այդ մասին չի հաղորդվել: Մարդկանց թրաֆիքինգը նույնպես խնդիր է ներկայացրել, սակայն դրա դեմ իշխանությունները պայքար են ծավալել: Հաշմանդամների նկատմամբ խտրականություն է իրականացվել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության մարդու իրավունքների զեկուցում:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում լեսբիական, նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդերային (LGBT) անձանց, որոնց նկատմամբ, ըստ հրապարակման, հասարակության կողմից իրականցվել են չարաշահումներ, իսկ ռազմական և կալանավայրերի իշխանությունները այդ անձանց նկատմամբ խտրականություն են դրսևորել: Նշվել է նաև, որ Հայաստանում աշխատավորների իրավունքները սահմանափակ են եղել, իսկ գործող աշխատանքային օրենսդրությունը՝ քիչ կիրարկվող:
XS
SM
MD
LG