Մատչելի հղումներ

Հայաստանում նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը


«Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ». Սարգսյան

Հայաստանում այսօր նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը, որի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը», - ասված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տոնական ուղերձում:

«1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության», - հիշեցրել է Հայաստանի նախագահը: - «Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը»:

«Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը», - ասված է Հայաստանի նախագահի մայիսիննյան ուղերձում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հաղթանակի տոնի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
XS
SM
MD
LG