Մատչելի հղումներ

Ադրբեջանից մի ընտանիք քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով

Հայաստանի պետական մարմինների վկայությամբ, Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած մի ընտանիք քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից հունվարի 31-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հայաստանի հյուսիսում գտնվող «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976 թվականի ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:

Ըստ հաղորդագրության, Ջավիդ Օրուջևն այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով:

«Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983 թվականի ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջավիդ Օրուջևն անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

«Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով» - եզրափակում է Ադրբեջանից ընտանիքի կողմից Հայաստանում քաղաքական ապաստան հայցելու մասին Հայաստանի ԱԱԾ-ի հաղորդագրությունը:

Ադրբեջանից ընտանիքի Հաստատում քաղաքական ապաստան հայցելու փաստը հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
XS
SM
MD
LG