Անցումային տնտեսությամբ երկրիներում, հատկապես ասիական շուկաներում կայուն պահանջարկի արդյունքում ամերիկյան «Apple» ընկերությունը ռեկորդային շահույթ է գրանցել։
«iPhone» հեռախոսն ու «iPad» պլանշետային համակարգիչն արտադրող ընկերության համաձայն, ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում շահույթը հասել է 7,3 միլիարդ դոլարի, ինչը երկու անգամով գերազանցում է անցյալ տարի գրանցած նույն ցուցանիշը։
Ընկերության տվյալների համաձայն, իր արտադրատեսակների վաճառքի ամենամեծ աճ է գրանցվել հատկապես Չինաստանում, Հոնգ Կոնգում և Թայվանում։ «Apple» ընկերությունը հայտնել է այս եռամսյակի ընթացքում համաշխարհային շուկայում 20,34 միլիոն «iPhone» սարք վաճառելու մասին։ Այս տվյալը նույնպես երկու անգամով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշները։
Ընկերության պլանշետային «iPad» համակարգչի վաճառքները նախորդ տարվա ցուցանիշների համեմատ եռապատկվել են՝ հասնելով 9,25 միլիոն միավորի։
«Apple» ընկերության կողմից արտադրվող համակարգիչների վաճառքն անցյալ տարվա համեմատ գրանցել է 14 տոկոսի աճ։