«Apple» ընկերության գործադիր տնօրենն այցելել է Չինաստանում «iPhone» և «iPad» մեծ պահանջարկ վայելող էլեկտրոնային սարքերի արտադրության համար նախատեսված նորակառույց գործարանը, որտեղ տիրող աշխատանքային մթնոլորտի պատճառով ընկերությունը նախկինում մեղադրվել է աշխատանքային վատ պայմաններ ստեղծելու մեջ:
«Apple»-ը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում, հինգշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը այցելություն է կատարել Չինաստանի Հեբեյ նահանգի Չժենչժոու քաղաքի տեխնոլոգիական համալիրում գտնվող «Foxconn» ընկերության գործարանը:
«Apple»-ը և «Foxconn» թայվանական ընկերությունը, որին պատկանող գործարանում է արտադրվում «Apple»-ի ապրանքերի հիմնական մասը, Չինաստանում աշխատավորներին ցածր աշխատավարձ վճարելու և աշխատանքային վտանգավոր պայմաններ ստեղծելու մասին վերջին հաղորդագրություններից հետո ձեռնարկել են աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված քայլեր:
Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո սա Թիմ Քուքի Չինաստան կատարվող առաջին այցն է, որի ընթացքում Քուքը հանդիպում է անցկացրել նաև երկրի փոխվարչապետ Լի Քեցյանի հետ: Հանդիպման ընթացքում Չինաստանի փոխվարչապետը խոստացել է խստացնել Չինաստանում գործող մտավոր սեփականությունն ապահովող օրենքները:
Գաղտնիության մեջ պահվող Քուքի այցելության ժամանակացույցը ներառել է նաև բանակցություններ Պեկինի քաղաքապետի հետ և այց մայրաքաղաքում գտնվող «Apple»-ի երկու խանութներից մեկը: