ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը հեռացել է Սիրիայից՝ երկրի կառավարությունից չստանալով բռնությունները դադարեցնելուն ուղղված՝ վեց կետից բաղկացած ծրագրի իրականացման հստակ քայլեր կատարելու խոստում:
Դամասկոսից ՄԱԿ-ի խոսնակ Սաուսան Ղոշեն հայտնել է, որ Սիրիայից Քոֆի Անանը հեռացել է չորեքշաբթի վաղ առավոտյան:
Խաղաղության հանձնակատար Անանը նախորդ օրը հանդիպում է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնելով լրագրողներին, որ հորդորել է Ասադին կատարել «համարձակ քայլեր՝ այժմ, այլ ոչ թե վաղը խաղաղության ծրագրին նոր թափ հաղորդելու համար»: ՄԱԿ-ի խոսնակը սակայն ասել է, որ տեղյակ չէ Սիրիայի կառավարության կողմից նման քայլեր ձեռնարկելու մասին որևէ լուրերի:
Սիրիայի նախագահն իր հերթին նշել է, որ խաղաղության ծրագրի իրականացման հաջողությունը կախված է «զինյալ ահաբեկիչներին» զենքի անօրինական մատակարարումը դադարեցնելուց: Ասադը նաև կոչ է արել ահաբեկիչներին ֆինանսավորող, զինող և ընդունող երկրներին հանձն առնել խաղաղության ծրագրի իրականացումը:
Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի օրը միացել է Արևմտյան իր դաշնակիցներին՝ երկրից վտարելով Սիրիայի դիվանագետներին՝ որպես բողոք Հուլա քաղաքում անցյալ ուրբաթ օրն իրականացված սպանդի: Նման քայլի մասին երեքշաբթի օրը հայտնել է Արևմուտքի ինը պետություն՝ Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդներն ու Իսպանիան:
Ռուսաստանն ու Չինաստանը իրենց հերթին վերահաստատել են Սիրիայում ռազմական ցանկացած միջամտության դեմ հանդես գալու դիրքորոշումն այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, թե չի բացառում ռազմական միջամտություն՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից նման գործողություն հավանության արժանացնելու դեպքում: