Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ Հայաստանում դեսպանի լսումների մասին


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ Հայաստանում դեսպանի լսումների մասին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հետևելով ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրն անցկացված Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածության շուրջ լսումների, տարածել է հաղորդագրություն, որտեղ ողջունել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից տրված հարցերը և կատարված մեկնաբանությունները։

«Սենատոր Մենենդեսը կրկին անգամ ազդեցիկ եղանակով ներկայացրել է ԱՄՆ-ի Սպիտակ տան և Սենատի իր գործընկերներին և Ամերիկայի ժողովրդին Հայոց ցեղասպանության փաստը վճռականորեն չճանաչելու հետզհետե ավելացող բարոյական և նյութական հետևանքները», - ասել է Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

«Վրդովված ենք, որ այս հանցագործության մասին Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից ազնիվ և առանց խույս տալու արտահայտվել թերանալու հանգամանքը թուլացնում է ցեղասպանությունների կանխարգելման գործում Միացյալ Նահանգների զբաղեցրած դիրքը և, ինչպես պարզ երևաց այսօրվա լսումների ընթացքում, վնաս է հասցնում երկրի շահերին, ինչպես նաև ապագայում դեսպանների կողմից Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ներուժի ամբողջությամբ օգտագործելու հնարավորությանը» - շեշտել է Արամ Համբարյանը։

XS
SM
MD
LG