Մատչելի հղումներ

Ամերիկացիներն այսօր մասնակցում են նախագահական ընտրությունների


Նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ընտրություններին կմասնակցի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, իսկ նախագահ Օբաման առաջին տիկին Միշել Օբամայի հետ երեքշաբթի օրը կանցկացնեն Չիկագոյում գտնվող իրենց տանը

Միացյալ Նահանգներում այսօր անցկացվում են 2012 թվականի նախագահական ընտրություններ, որոնց մասնակիցներն իրենց ձայները կտան երկրի ներկայիս նախագահ Բարաք Օբամայի կամ հանրապետական իր մրցակից Միթ Ռմոնիի օգտին:

Ընտրատարածքները սկսել են բացվել երկրի արևելյան մասում, սակայն միլիոնավոր ընտրողներ արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը՝ համաձայն վաղօրոք քվեարկության կանոնների: Ընտրողների գերակշռող մեծամասնությունը սակայն իր ընտրությունը կատարելու համար կուղևորվի դպրոցներում, հշրեջների կայաններում, եկեղեցիներում և այլ հաստատություններում գտնվող ընտրակայաններ:

Նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ընտրություններին կմասնակցի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, իսկ նախագահ Օբաման առաջին տիկին Միշել Օբամայի հետ երեքշաբթի օրը կանցկացնեն Չիկագոյում գտնվող իրենց տանը:

Ընտրիչների կոլեգիան

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններն ուղղակի չեն. քաղաքացին քվեն տալիս է թեկնածուին, բայց ըստ էության տեխնիկական առումով ընտրում է ընտրիչին:

ԱՄՆ-ի Սահմանադրության հեղինակները ավելի քան երկու դար առաջ ձևավորել են Ընտրիչների կոլեգիան: Կոլեգիայի ստեղծումը համարում են փոխզիջում, որը 1787 թվականին կայացվել է ընտրությունների ուղղակի և միջնորդված տարբերակների ջատագովների միջև: Կոլեգիայի առաքելությունն է պաշտպանել մեծ ու փոքր նահանգների հավասարությունը: Այս կառույցն է կայացնելու որոշումն այն մասին, թե գալիք չորս տարվա ընթացքում ով է զբաղեցնելու Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը:

Ընտրիչների կոլեգիան բաղկացած է նահանգի պատվիրակներից, որոնց թիվը ճիշտ հավասար է այդ նահանգից ընտրված օրենսդիրների թվին: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ունի 435 կոնգրեսական, երկրի Սենատի անդամների թիվը 100 է: Այս թվին գումարվում են ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնն ընդգրկող Կոլումբիայի շրջանը ներկայացնող ընտիչները: Մայրաքաղաք Վաշինգտոնը ներկայացնող ընտրիչների թիվը նույնն է, ինչ ունի ամենանվազ բնակչությամբ նահանգը` ամենասակավաթիվ բնակչությամբ Վայոմինգ նահանգը, որն ունի երեք ընտրող: Կոլեգիայի անդամների ընդհանուր թիվը կազմում է 538 ընտրիչ:

Միացյալ Նահանգների 48 նահանգներից յուրաքանչյուրում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն մեծամասնական համակարգով վաստակում է տվյալ նահանգից Ընտրիչների կոլեգիայի բոլոր անդամների քվեները, իսկ Նեբրասկա և Մեյն նահանգում դա արվում է համամասնական կարգով:

Ընտրիչների կոլեգիայում ընտրությունն արվում է պարզ մեծամասնության կարգով. հաղթում է այն թեկնածուն, ով ստանում է Կոլեգիայի անդամների 538 քվեների կեսից ավելին` առնվազն 270 քվե: Կոլեգիայում բուն քվեարկությունն անցկացվում է դեկտեմբերի կեսերին: Հատկանշական է, որ Ընտրիչների կոլեգիան երբեք որպես ամբողջական մարմին նիստ չի գումարում. ընտրիչները քվեարկում են իրենց նահանգների մայրաքաղաքներում և Կոլումբիայի շրջանում:

Ընտրիչների կոլեգիայի արձանագրությունները պաշտոնապես հրապարակվում են հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստում, սակայն արդյունքները սովորաբար հայտնի են դառնում ընտրությունների օրը:

Այն դեպքում, եթե Օբաման և Ռոմնին Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքում ստանան 269-ական ձայն, կամ թեկնածուներից որևէ մեկը չստանա ընտերիչների պահանջվող 270 ձայնը՝ նախագահի այլընտրանքային թեկնածուին տրված ձայների պատճառով, ապա գործողության մեջ է մտնում ԱՄՆ-ի սահմանադրության 12-րդ ուղղումը: Այդ դեպքում ԱՄՆ-ի նախագահին է ընտրում նորընտիր Ներկայացուցիչների պալատը, իսկ փոխնախագահին՝ Սենատը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի յուրաքանչուր պատգամավոր ունի մեկ ձայնի իրավունք: Սպասվում է, որ այսօր անցկացվող ընտրությունների արդյունքում հանրապետականները կպահպանեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Եթե դեմոկրատներին հաջողվի պահպանել հսկողությունը Սենատի նկատմամբ, ապա այս դեպքում երկրի նախագահ կարող է դառնալ Միթ Ռոմնին, իսկ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը շարունակի զբաղեցնել փոխնախագահի պաշտոնը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դիրքորոշումը

Նախագահական այս ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարում նախագահի թեկնածուներից ոչ մեկին:

«Ո՛չ Բարաք Օբաման, որն անտեսել է Ամերիկայի հայերի խնդիրների վերաբերյալ տված իր բազմաթիվ խոստումները, ո՛չ էլ Միթ Ռոմնին, որը, զբաղեցնելով Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնը, հրապարակայնորեն նշանակալից որևէ գործողություն չի ձեռնարկել՝ անդրադառնալու մեր համայնքի համար կարևորություն ունեցող հարցերին, չեն վաստակել ամերիկահայ ընտրողների աջակցությունը: Չնայած Կոնգրեսում, նահանգային կառավարությունների մակարդակով, լրատվամիջոցներում և Ամերիկայի քաղաքացիական հասարակության շրջանակում ձեռք բերված զգալի առաջընթացին, կառավարությունը՝ գործադիր իշխանության մակարդակով, պատանդ է մնում Անկարայի և Բաքվի օտարերկրյա կառավարությունների թելադրանքին»», - ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից ավելի վաղ տարածված հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG