Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշվում է Աշխատանքի օրը


Աշխատանքի տոնը նշանավորում է երկրի աշխատավորների ներդրումները և հանդիսանում է ամառվա ոչ պաշտոնական ավարտը

Միացյալ Նահանգներում այսօր նշվում է Աշխատանքի տոնը՝ ազգային տոն, որը նշանավորում է երկրի աշխատավորների ներդրումները և հանդիսանում է ամառվա ոչ պաշտոնական ավարտը:

Սեպտեմբեր ամսվա առաջին երկուշաբթի օրը պետական տոնի կարգավիճակ է ստացել 1894 թվականին ԱՄՆ-ի արհմիությունների կողմից գործադրված ճնշման ազդեցության տակ:

Մի քանի տասնամյակի ընթացքում այս տոնի կապակցությամբ երկրի քաղաքներում անցկացվում էին արհմիությունների անդամ գործարանի աշխատողներին մեծարող մեծածավալ շքերթներ:

Միացյալ Նահանգներում սակայն արհմիությունների անդամակցությունը 30 տարվա ընթացքում զգալի անկում է ապրել՝ բարձր տեխնոլոգիաների և աշխարհի տնտեսության գլոբալացման պատճառով: Եթե 1983 թվականին արհմիության անդամ էր ԱՄՆ-ի աշխատավորների 20 տոկոսը, ապա 2012 թվական արհմիությունների անդամակցությունը նվազել է՝ հասնելով 11 տոկոսի:

Տարիների ընթացքում սակայն արհմիությունների կողմից տարվող աշխատանքի մեծ մասը ստացել է օրենքի ուժ և սկսել է կիրառվել ԱՄՆ-ի աշխատատեղերի մեծ մասում: Այս նվաճումներից են հինգօրյա աշխատանքային շաբաթը, ինչպես նաև գործատուների կողմից վճարվող առողջության ապահովագրությունն ու վճարվող արձակուրդը:

ԱՄՆ-ի ընկերություններից շատերն ակտիվորեն դեմ են հանդես գալիս արհմիություններում իրենց աշխատողների մասնակցությանը: Արհմիությունների անդամներից շատերը հիմա աշխատում են տեղական, նահանգային և դաշնային կառավարման մարմինների գրասենյակներում, այլ ոչ թե գործարաններում, որտեղ սկիզբ է առել արհմիությունների շարժումը:

ԱՄՆ-ում Աշխատանքի օրը հաճախակի նշվում է որպես ոչ աշխատանքային օր, որի ժամանակ ընտանիքները գնում են պիկնիկների և այցելում բացօթյա այլ միջոցառումներ: Որոշ համայնքներում ուսումնական տարին սկսվում է Աշխատանքի օրվան հաջորդող երեքշաբթի օրը:
XS
SM
MD
LG