Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գիրությունը հիվանդություն է ճանաչվել


Եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա մինչև 2030 թվականը ամերիկացիներից գրեթե կեսը կտառապի ավելորդ քաշից

Ամերիկյան բժշկական ասոցիացիան հիվանդություն է ճանաչել գիրությունը, և խորհուրդ է տվել ձեռնարկել մի շարք միջոցներ ՝ գիրության «համաճարակի» դեմ պայքարելու ուղղությամբ:

Գիրությունը որպես հիվանդություն ճանաչելու մասին որոշումն ընդունվել է Չիկագոյում անցկացվող ամենամյա համաժողովի ընթացքում:

Ասոցիացիան շեշտել է, որ վերջին քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում գիրությունից տառապող անձանց թիվը մեծահասակների շրջանում ավելացել է, իսկ մեկ սերնդի երեխաների շրջանում այս ցուցանիշը եռապատկվել է:

Ասոցիացիան նշել է նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունն ու երկրի հարկային տեսչությունն գիրությունն արդեն իսկ հիվանդություն են համարում:

Գիրությունն ավելացնում է այլ հիվանդությունների, ներառյալ 2-րդ տեսակի դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը: Գիրությունից տառապող անձանց թվի ավելացումն ԱՄՆ-ում կարող է ավելացնել առողջապահության ոլորտում արդեն իսկ հսկա մակարդակների հասնող ծախսերը:
XS
SM
MD
LG