Մատչելի հղումներ

«Հալեպի հայկական համայնքը կործանման եզրին է». «Ասպարեզ»


Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասն աղետի գոտի է հայտարարվել

«Հալեպի հիմնականում հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ուղղությամբ ապստամբների ուժերի կողմից չդադարող հրթիռային կրակը վտանգում է քաղաքի հայկական համայնքի գոյությանը, թաղամասը պաշտոնապես աղետի գոտի է հայտարարվել»:

Այս մասին գրում է Միացյալ Նահանգներում հրապարակվող հայկական «Ասպարեզ» պարբերականը, որի համաձայն «Հալեպ» լրատվական գործակալությունը տեղեկացրել է Նոր Գյուղ թաղամասի ուղղությամբ ապստամբների ուժերի կողմից անընդհատ իրականացվող կրակի ամսին, որն առաջացրել է զանգվածային ավերածություններ և մեծ վտանգ խաղաղ բնակիչների կյանքին:

«Շարունակվող հրետանային կրակի հետևանքով Նոր Գյուղում բնակելի շենքերը ոչնչացվել կամ մասամբ քանդվել են, մինչդեռ հայկական համայնքի կենտրոններին և տեղի գործարար ձեռնարկություններին մեծ վնաս է հասցվել», - գրում է «Ասպարեզը»:

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի բնակիչները, պարբերականի համաձայն, փախուստի են դիմում թաղամասից՝ ուղևորվելով առափնյա Լաթաքիա քաղաք, որտեղ արդեն իսկ ապաստան են գտել այս տարվա գարնանը «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկիչների կողմից հայաբնակ Քեսաբ քաղաքի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով փրկված մարդիկ:

«Այլոք ապաստան են որոնում Հալեպի այլ շրջաններում, որոնք ներկայում չեն ենթարկվում հրետանային ուժգին կրակի, իսկ մյուսները տեղափոխվում են այս շաբաթ ավելի վաղ ապստամբների կողմից իրականացված ռմբակոծության պատճառով վնասված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկուղային հարկ», - գրում է հայկական «Ասպարեզ» պարբերականը:
XS
SM
MD
LG