Մատչելի հղումներ

Եմենում ոչնչացվել է «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղի հրամանատարը


Եմենի կառավարությունը նախկինում մի քանի անգամ հայտարարել էր ալ-Շիհրիի ոչնչացման մասին, ներառյալ երկու անգամ՝ անցյալ տարվա ընթացքում

Եմենում «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղը հաստատել է, որ ԱՄՆ-ի անօդաչու օդանավի միջոցով իրականացված հարվածի արդյունքում զոհվել է մասնաճյուղի հրամանատարի տեղակալը:

«Արաբական թերակղզում ալ-Քաիդա»-ն Սայիդ ալ-Շիհրիի մահվան մասին հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի օրը, սակայն չի նշել, թե երբ էր իրականացվել ալ-Շիհրիի ոչնչացմանն հանգեցրած հարձակումը:

Եմենի կառավարությունը նախկինում մի քանի անգամ հայտարարել էր ալ-Շիհրիի ոչնչացման մասին, ներառյալ երկու անգամ՝ անցյալ տարվա ընթացքում:

Սաուդյան Արաբիայի քաղաքացի ալ-Շիհրին հինգ տարի անց է կացրել «Գուանտանամո» ամերիկյան կալանավայրում, սակայն ազատ էր արձակվել 2007 թվականին: Ազատ արձակվելուց հետո նա վերադարձել էր Սաուդյան Արաբիա, որտեղ մասնակցել է նախկին զինյալների համար նախատեսված ռեաբիլիտացիայի ծրագրում, սակայն ավելի ուշ միացել էր «ալ-Քաիդա»-ի Եմենում գործող մասնաճյուղին:

«Վիքիլիքս»-ի կողմից 2011 թվականին հրապարակված Պենտագոնի գաղտնի զեկույցներից մեկում ալ-Շիհրիի մասին պարունակվող տեղեկատվական հոդվածում նշված է, թե ալ-Շիհրին նախկինում ծառայել է Սաուդյան Արաբիայի անվտանգության մարմիններում, սակայն ավելի ուշ միացել է «ալ-Քաիդա»-ին՝ օգնելու համար Իրանի տարածքով Սաուդյան Արաբիայից դեպի Աֆղանստան ուղևորվող զինյալների տեղափոխմանը:

Միացյալ Նահանգները «Արաբական թերակղզում գործող ալ-Քաիդա»-ն համարում է աշխարհի ահաբեկչական ամենավտանգավոր խմբավորումներից և բազմիցս կիրառել է անօդաչու օդանավեր՝ զինյալների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու նպատակով:
XS
SM
MD
LG