Հյուսիսային Աֆղանստանի հեռավոր շրջաններից մեկում զինյալները սպանել են «Միջազգային օգնության առաքելություն» կազմակերպության տասը աշխատողների, որոնցից վեցը ԱՄՆ–ի քաղաքացիներ են։
Բարեգործական այս կազմակերպության տնօրեն Դիրք Ֆրանսն ասել է, որ վերջին անգամ կազմակերպության բժշկական խմբից տեղեկություններ էին ստացել չորեքշաբթի օրը, երբ օգնություն ցուցաբերող աշխատողները Նուրիստանի ակնաբուժական կլինիկայից վերադառնում էին Քաբուլ։
Նրանց մարմինները, որոնց վրա կան գնդակահարության հետքեր, ուրբաթ օրը հայտնաբերվել էին Բադախշան նահանգում, ուր ուղևորվել էր խումբը՝ կարծելով, որ իրավիճակն այնտեղ ավելի ապահով է։
Սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» մահմեդական արմատական զինյալ խմբավորումը: Կազմակերպության սպանված մյուս անդամները Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
«Թալիբան»–ի խոսնակն ասել է, թե սպանվածների խումբը քրիստոնեություն էր տարածում, սակայն Ֆրանսը հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ այն կրոնական առաքելություն չուներ:
Սպանվածների խմբի հետ միասին ճանապարհորդող աֆղանստանցի երկու այլ քաղաքացիներ հարձակման ընթացքում խուսափել էին մահից։ Նրանցից մեկն ասում է, թե փրկվել է Ղուրանից հատվածներ արտասանելու պատճառով:
Շրջանի ոստիկանապետի խոսքերով, տեղի բնակչությունը նախապես զգուշացրել էր խմբին անտառում հնարավոր վտանգների մասին։