Չինաստանում հազարավոր մարդիկ երեքշաբթի օրը շարունակել են նվիրատվություններ կատարել, որոնք նպատակ են հետապնդում օգնելու հանրաճանաչ արվեստագետ Այ Վեյվեյին մուծում կատարել իրեն ներկայացված հարկային մեծածավալ պարտավորություններով:
Հարկային այս պարտավորությունները, շատերի կարծիքով, նպատակ են հետապնդում ստիպելու արվեստագետին դադարեցնել իր կողմից արվող սոցիալական քննադատությունները:
Պեկինում գտնվող Այ Վեյվեյի արվեստանոցում աշխատող կամավորների համաձայն, արվեստանոցն այցելել է ինչպես Չինաստանից, այնպես էլ աշխարհի այլ պետություններից ժամանած ավելի քան 20 հազար նվիրատու:
Կամավորների համաձայն, նվիրատվությունների միջոցով հավաքված գումարի չափն արդեն կազմել է մոտ 900 հազար դոլար:
Առանց մեղադրանք ներկայացնելու երեք ամիս առաջ ձերբակալված արվեստագետ Այը մինչև հաջորդ շաբաթվա վերջ պետք է մուծում կատարի պետական մարմինների կողմից իրեն ներկայացված հարկային պարտավորություններով, որոնց ծավալը կազմում է 2,4 միլիոն դոլար:
Արվեստագետի աջակիցները սակայն կասկածներ ունեն, որ հարկային այս պարտավորությունները կեղծ են և նպատակ են հետապնդում արդարացնելու քաղաքական պատճառներով արվեստագետի ազատազրկումը:
Չինացի արվեստագետի համաձայն, իշխանությունները երբեք բացատրություն չեն ներկայացրել, թե ինչ հիմքերով են հաշվարկվել հարկային իր պարտավորությունները, և որ նրանց մոտ դեռևս գտնվում են իր հաշվապահական բոլոր փաստաթղթերը:
«Ռոյթերս» գործակալության երեքշաբթի օրը տված հարցազրույցում արվեստագետն ասել է, թե դեռևս որոշում չի ընդունել, արդյոք ինքը մտադիր է մարել իրեն ներկայացված հարկային պարտավորությունները:
Այ Վեյվեյի համաձայն, հարկային պարտավորություններով վճարում կատարելու դեպքում հնարավոր կլինի բողոքարկել պետական մարմինների կողմից կայացված որոշումը՝ հավելելով, որ, ոստիկանության ծառայողների համաձայն, հարկերը մուծելու հանգամանքը կնշանակի, թե ինքը ընդունել է իր մեղքը:
Արվեստագետին հայտնել են նաև, որ հարկերը չվճարելու դեպքում գործը քրեական բնույթ կստանա: