Մատչելի հղումներ

Չինացի նկարիչը վճարել է 1,3 միլիոն դոլար չափով տուգանք


Չինացի նկարիչը վճարել է 1,3 միլիոն դոլար չափով տուգանք
Չինացի նկարիչը վճարել է 1,3 միլիոն դոլար չափով տուգանք

Չինացի նկարիչ Այ Վեյվեյը 1,3 միլիոն դոլար չափով տուգանք է մուծել երկրի իշխանությունների կողմից նշված բանկային հաշվին՝ այսպիսով կանխելով հարկային իր պարտավորությունների վերաբերյալ գործի քրեականացումը:

Չինաստանի հարկային մարմինները պահանջել են, որ Վեյվեյը վճարումը կատարի մինչև չորեքշաբթի օրը, և այս պահանջները կատարելու դեպքում վերջինս հնարավորություն կունենա բողոքարկելու իր նկատմամբ ներկայացված 2,4 միլիոն դոլար հարկային ապառքներ և տուգանքներ մուծելու մասին որոշումը:

Նկարչի մուծած գումարների հիմնական մասն իրեն տրամադրվել է աջակիցների կողմից կատարված նվիրատվությունների տեսքով:

Այ Վեյվեը նախկինում փորձել է խուսափել պետության կողմից ներկայացված հարկային պարտավորություններով վճարում կատարելուց՝ մտավախություն ունենալով, որ վճարման հանգամանքը կընդունվի որպես իր մեղքի խոստովանություն, սակայն երեքշաբթի օրը հայտնել է, որ իշխանություններն իրեն որևէ այլընտրանքային հնարավորություն չեն թողել:

Նկարչի համաձայն, վճարում չկատարելու դեպքում ինքը կզրկվի բողոքարկում ներկայացնելու հնարավորությունից, և գործը կընդունի քրեական բնույթ՝ վտանգի տակ դնելով իրեն, իր տիկնոջը և գործընկերներին:

Այս տարվա սկզբին երեք ամիս առանց մեղադրանք ներկայացնելու ազատազրկման մեջ անցկացրած Այ Վեյվեյն ասել է, որ դիմելու է այս գործի վարչական վերանայման՝ համոզմունք հայտնելով սակայն, որ շահելու հնարավորություն չունի՝ գործի քաղաքական բնույթի պատճառով:

XS
SM
MD
LG