Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի օդուժը ոչնչացրել է Աֆղանստանում ամերիկյան ուղղաթիռի վրա հարձակում կատարած զինյալներին


CH-47 «Չինուկ» տեսակի ամերիկյան ուղղաթիռ Աֆղանստանում (արխիվային լուսանկար)

Աֆղանստանում ԱՄՆ-ի զինուժի հրամանատարի համաձայն, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի արդյունքում ոչնչացվել են անցյալ շաբաթ CH-47 «Չինուկ» տեսակի ամերիկյան ուղղաթիռի վթարման պատճառը դարձած հարձակումն իրականացրած զինյալները:

Գեներալ Ջոն Ալենը Պենտագոնում չորեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ դաշինքի ուժերի հարվածի արդյունքում ոչնչացվել են Աֆղանստանի Վարդակ նահանգում ամերիկյան ուղղաթիռի տապալման համար պատասխանատվություն կրող զինյալները:

ՆԱՏՕ-ն իր հերթին տարածել է հայտարարություն, որի համաձայն դաշինքի կողմից երեքշաբթի օրը իրականացված հարձակման արդյունքում ոչնչացվել է թալիբների առաջնորդ Մուլլահ Մոհիբուլլահը և այն զինյալը, որի կողմից բացված կրակի պատճառով Թանգի դաշտավայրում շաբաթ օրը տապալվել է CH-47 տեսակի ուղղաթիռը: ՆԱՏՕ-ի համաձայն, Մոհիբուլլահն ու իր հետ միասին ոչնչացված զինյալը փորձել են փախուստի դիմել Աֆղանստանից՝ պատժից խուսափելու համար, և նրանց հետապնդումը հնարավոր եղավ իրականացնել տեղացի բնակիչներից ստացված տեղեկությունների շնորհիվ:

Հիշեցնենք, որ ամերիկյան ուղղաթիռի վրա կատարված հարձակման արդյունքում ուղղաթիռը վթարվել է, ինչը դարձել է Միացյալ Նահանգների հատուկ ուժերի 30 և Աֆղանստանի յոթ զինծառայողի ու մեկ թարգմանչի մահվան պատճառը: Այս պատահարը դարձել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից Աֆղանստանում արդեն տաս տարի վարվող պատերազմի ժամանակ մեկ օրվա ընթացքում ամենամեծ թվով զինծառայողների կորստի պատճառը:

XS
SM
MD
LG