Մատչելի հղումներ

Մեկնարկել է Աֆղանստանին անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցման գործընթացը


Աֆղանստանի ազգային բանակի նորակոչիկներ
Աֆղանստանի ազգային բանակի նորակոչիկներ

ՆԱՏՕ-ն, փոխանցելով Աֆղանստանի կենտրոնական Բամիան նահանգում անվտանգության ապահովման պատասխանատվությունն Աֆղանստանի անվտանգության ուժերին, մեկնարկել է երկում անվտանգության ապահովման պատասխանատվությունն աստիճանաբար փոխանցելու գործընթացը։

Բամիան նահանգն առաջինն է յոթ այն տարածքներից, որտեղ փոխանցման սկզբնական փուլում երկրի անվտանգության ուժերն են ապահովելու անվտանգությունը։ Նոր Զելանդիայի զինծառայողներից Աֆղանստանի ուժերին պատասխանատվության փոխանցումը նշանավորող արարողությունը կիրակի օրն անցկացվել է Բամիան նահանգում, որտեղ 2001 թվականին թալիբներին վտարելուց հետո լայնամասշտաբ ռազմական գործողություն չի իրականացվել։

ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանի զինուժին և ոստիկանությանը երկրում անվտանգության ապահովման համար պատասխանատվության փոխանցման գործընթացը, որը նախատեսվում է ավարտի հասցնել 2014 թվականին, իրականացվելու է աստիճանաբար։ Այս գործընթացի արդյունքում երկրում տեղակայված օտարերկրյա զինծառայողների հիմնական մասը հնարավոր կլինի վերադարձնել իրենց երկրներ։

Անցյալ ամիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել գալիք 14 ամիսվա ընթացքում Աֆղանստանում տեղակայված Միացյալ Նահանգների 100 հազար զինծառայողներից 33 հազարին երկրից դուրս բերելու մասին հայտարարությամբ։ Գերմանիայի իշխանությունները, հանդես գալով նման հայտարարությամբ, հայտնել են Աֆղանստանում տեղակայված հինգ հազար զինծառայողի թիվը մինչև այս տարվա վերջը նվազեցնելու համար։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել էր, որ իր երկրի զինծառայողները Միացյալ Նահանգների զորքերի նույն համամասնությամբ և ժամանակացույցով են հանվելու Աֆղանստանից, որտեղ տեղակայված է Ֆրանսիայի չորս հազար զինծառայող։

Մեծ Բրիտանիան մինչև 2012 թվականն Աֆղանստանից դուրս է բերելու 500 զինծառայող՝ նվազեցնելով երկրում իր զինծառայողների ներկայությունը մինչև ինը հազար մարդ։

XS
SM
MD
LG