Մատչելի հղումներ

«Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեխայի «բոլոր չինացիներին սպանելու» առաջարկության համար


Երեկոյան երգիծական շոույի մասնակից երեխաներից մեկի կողմից հնչեցված առաջարկությունը հրահրել է ծագումով չինասի և Ասիայի այլ պետություններից ամերիկացիների բողոքները

Ամերիկյան «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկոյան երգիծական հաղորդման դրվագներից մեկի տեղի ունեցած դեպքի համար, որի ընթացքում մի երեխա կատակով առաջարկել էր «սպանել բոլոր չինացիներին»՝ Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին պետական պարտքի վճարումից խուսափելու համար:

«Էյ-Բի-Սի»-ի կողմից տարածված հայտարարության մեջ ասված է, որ «ընկերությունը երբեք միտումնավոր չէր հեռարձակի մի նյութ, որը կարող էր առաջացնել Չինաստանի բնակիչների, ծագումով ասիացի, ծագումով չինացի կամ ընդհանրապես որևէ այլ համայնքի վրդովմունքը»:

«Ընկերության նպատակը հեռուստադիտողներին զվարճացնելն է», - ասված է հայտարարության մեջ:

«Էյ-Բի-Սի»-ի հաղորդավար Ջիմի Քիմելն արդեն իսկ ներողություն է խնդրել հաղորդման ընթացքում տեղի ունեցածի համար:

Ջիմի Քիմելի երեկոյան երգիծական թոք-շոուի ժամանակ երեխաները պատմում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին:

Երբ Քիմելը հարց էր ուղղել մի խումբ 5-ից 6 տարեկան երեխաներին այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները պետք է լուծի Չինաստանին 1,3 տրիլիոն դոլար կազմող պետական պարտքի հետվճարման խնդիրը, մեկ երեխա ասել է. «Պետք է վերցնենք հրացաններն ու սպանենք բոլոր չինացիներին»:

Արձագանքելով երեխայի խոսքերին՝ Քիմելը ծիծաղել էր և ասել. «Հետաքրքիր միտք է»: Հեռուստահաղորդման վարողն ավելի ուշ ասել էր, որ, իր կարծիքով, ակնհայտ էր, որ ինքը չէր սատարել այդ գաղափարը:

Հեռուստատեսությամբ հնչեցված այս բառերն առաջացրել էին ծագումով Չինաստանից և Ասիայի այլ պետություններից միավորող որոշ կազմակերպությունների վրդովմունքը, որոնք ստորագրահավաք էին կազմակերպել և «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությանը պաշտոնական բողոք ներկայացրել:
XS
SM
MD
LG