Մատչելի հղումներ

Համախմբվելով մեկ նպատակի շուրջ` խաղաղություն Մերձավոր Արևելքում


Մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնի պատմական սինագոգում կազմակերպված երաժշտության և թատրոնի երեկոյին ներկա մահմեդականների, քրիստոնեաների և հրեաների աղոթքներն ուղղված էին Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը և իսրայելապաղեստինական հակամարտությանը երկու պետություն տարբերակով լուծմանը: Երեկոն կազմակերպել էր Վաշինգտոնում հոգևոր և աշխարհիկ ամերիկացիների կողմից ստեղծված "Մենք կարող ենք. խաղաղություն Մերձավոր Արևելքում" համագործակցությունը:

Երեկոյին ներկա էին Վաշինգտոնում արաբ, հրեա և քրիստոնեա համայնքների ներկայացուցիչներ: Նրանք բոլորը տոնում էին "Մենք կարող ենք. խաղաղություն Մերձավոր Արևելքում" միջհավատքային դաշինքի ստեղծումը: Դաշինքն աջակցում է նախագահ Օբամայի նախաձեռնությանը` Իսրայելում երկու պետություն ստեծելու տարբերակով խաղաղության հաստատելուն:

"Մենք ցանկանում ենք մարդկանց ներգրավել քննարկումներում և համատեղ ուժերով գտնել այնպիսի լուծում, որը կարտահայտի ընդհանուր շահը`ապահով և արդար խաղաղություն պաղեստինցիների և իսրայելցիների միջև",- ասաց երեկոյի համանախագահ պաղեստին-ամերիկացի Մաե Աբդուլ Ռահմանը:

Երեկոյի նպատակը երաժշտության և թատրոնի միջոցով շարունակական հակամարտության արդյունքում մարդկային կորուստը ներկայացնելն էր:

Դերասանները մենախոսությունների միջոցով արտահայտում էին իսրայելցիների և պաղեստինցիների տեսանկյունները:

"Պետք է գիտակցենք, որ պատկանելով այլ կրոնի կամ ծնվելով այլ երկրում մենք չենք տարբերվում միմյանցից: Սիրելի անձի կորստի վիշտը նույնն է բոլորիս համար: Բոլորիս հատուկ է ուրախությունը: Այդ ամենը փորձել ենք արտահայտել ներկայացումների այս խմբով",- մեկնաբանում է երեկոն համակարգող ամերիկացի հրեա Անդրա Բայլուսը:

Երեկոյի մեխը Թել Ավիվից հրեա Ռոբի Դամելինի և Բեթղեհեմին մոտ գտնվող փախստականների ճամբարից պաղեստինցի Մազեն Ֆարաջի անձնական պատմություններն էին: Հակամարտության ընթացքում երկուսն էլ կորցրել են ընտանիքի անդամներին: Իսրայելցի զինվորը Մազենի հորը սպանել է խանութից վերադառնալիս: Ըստ Մազենի` բռնի դիմադրությունը տանում է ինքնաոչնչացման:

"Մեր գործն արդար է: Մենք ծարավ չենք սպանության և արյան, և մեր նպատակը աշխարհում բոլորին սպանելը չէ: Մենք ցանկանում ենք ձեռք բերել մեր իրավունքներն ու ազատությունը",- բացատրում է Մազենը:

Ռոբի Դամելինի որդին մահացել է բանակում` պաղեստինցի դիպուկահարի գնդակից: Ըստ նրա` բարկությունը և ատելությունն առաջ են բերում ավելի խղճուկ վիճակ և հակամարտության շարունակություն:

"Ես շատ վաղ հասկացա, որ այս մարդը չէ տղայիս սպանողը: Հասկացա, որ նրան սպանել են, քանի որ խորհրդանշում էր զավթող ուժերին: Շատ դժվար է ասել դա, սակայն դա է ճշմարտությունը: Ես հասկացա, որ բարկությունը մեկուսացնում է մարդկանց",- համոզված է Դամելին:

"Մենք կարող ենք. խաղաղություն Մերձավոր Արևելքում" դաշինքը նախատեսում է շարունակել միջոցառումները Վաշինգտոնում: ԱՄՆ-ի համալսարաններում դաշինքը կազմակերպում է նաև իրազեկման քարոզարշավներ:

XS
SM
MD
LG