Մատչելի հղումներ

Կամավորները շուրջ հարյուր հազար պսակներ են տեղադրել ԱՄՆ-ի գերեզմանոցներում` ի հիշատակ զոհված զինվորների


Ամեն տարի “Պսակներ ԱՄՆ-ի տարածքով մեկ” խումբը հարգանքի տուրք է մատուցում զոհված զինվորների հիշատակին` տոների նախօրեին գերեզմաններին ծաղկապսակներ տեղադրելով: Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Արլինգթոնի ազգային գերեզմանատնից սկիզբ առած այս սովորույթն այժմ իրականացվում է ողջ ԱՄՆ-ի տարածքում` շուրջ 350 գերեզմանատներում:

“Պսակներ ԱՄՆ-ի տարածքով մեկ” ծրագրի շրջանակներում բեռնատար մեքենաներով շուրջ տասը հազար ծաղկեպսակ է բերվել Արլինգթոնի ազգային գերեզմանատուն:

Զոհված ամերիկացի զինվորների հիշատակը տոնական շրջանում հարգող այս սովորույթն սկսել է մոտ քսան տարի առաջ` Մեյն նահանգից Ուորսեսթըր ծաղկեպսակների ընկերության սեփականատեր Մորիլ Ուորսեսթըրի նախաձեռնությամբ: "Անհավատալի է, որ տասնյոթ տարի առաջ ընդամենը տասներկու հոգով սկսեցինք այս նախաձեռնությունը: Ծաղկեպսակներով լի մեկ բեռնատար ունեինք, և պսակները տեղադրելու համար վեց ժամ էր պահանջվում: Իսկ այժմ մի քանի հազար մարդ է ներգրավված”, խոստովանում է Մորիլ Ուորսեսթըրը:

Այս տարի երեք հազար կամավոր է մասնակցել պսակադրման միջոցառումներին: Մասնակիցներն ասում են, որ դա ամենաքիչն է, որ կարող են անել պատերազմների ընթացքում իրենց կյանքը զոհաբերած մարդկանց համար:

Վերջին տասնյոթ տարիների ընթացքում Ուորսեսթըր ծաղկեպսակների ընկերությունը մոտ հարյուր հազար ծաղկեպսակ է նվիրաբերել. "Ուորսեսթըր ծաղկեպսակների ընկերությունը, որի սեփականատերն եմ հանդիսանում, այս նախաձեռնության ամենախոշոր նվիրատուն է: Այս տարի նվիրաբերված 105 հազար պսակներից մոտ քսան հազարը մենք ենք տրամադրել, իսկ մնացած 85 հազարը հավաքվել է ողջ ԱՄՆ-տարածքում բազմաթիվ անհատների և տարբեր ընկերությունների կողմից: Մենք շատ մեծ աջակցություն ենք ստանում”:

ԱՄՆ-ի Պատերազմի վետերանների հարցերով նախարար Ջեյմս Փիքը շնորհակալություն է հայտնել կամավորներին ԱՄՆ-ի ռազմական հերոսների զոհաբերությունների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար. “Ծաղկեսպակ դնող յուրաքանչյուր կամավոր իր լուման է ներդնում մեր պատմության էջերում` կապ հաստատելով նրանց հետ, ովքեր ծառայել են այս ազգին, պաշտպանել են մեր ազատությունը և այս հոյակապ երկրում ապրելու հնարավորություն են մեզ տվել”:

Ուորսեսթըրն ասում է, որ թեպետ նախաձեռնությունն ընդարձակվել է, առաքելությունը նույնն է մնացել: Այն է` հիշատակել պատերազմի զոհերին, հարգանքի տուրք մատուցել զինված ուժերում ծառայողներին և երիտասարդներին ցույց տալ հանրային ծառայության արժեքը:

XS
SM
MD
LG