Մատչելի հղումներ

2015 թվականը` ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի վերացման տարի


Համաշխարհային բանկն աջակցում է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակում մինչև 2015թ. հիվանդության դեմ պայքարի և վերացնելու ջանքերին: Եվ վերջերս Վաշինգտոնում Համաշխարհային բանկի փորձագետները կարևորեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդիրներ ունեցող երկրների ձեռքբերումները և դժվարությունները:

Ինը տարի առաջ քենյացի Բելինդա Աթիենոյին ՄԻԱՎ էր ախտորոշվել: Ամուսինը նրան լքել էր` թողնելով մեկ ՄԻԱՎ-ով հիվանդ և ևս երկու երեխաների հետ միայնակ: Երկու տարի անց նրան ախտորոշեցին ՁԻԱՀ, սակայն նա չի հանձնվել: ՁԻԱՀ-ով հիվանդ քրոջ մահից հետո Աթիենոն սկսեց հոգ տանել նաև նրա չորս երեխաների համար:

"Ես ընտելացել եմ վիրուսին, զրուցում եմ դրա հետ և միասին որոշում ենք` ինչպես ենք ապրելու",-ասում է նա: "Ցավալի է, սակայն եթե վճռական չես, ապա փրկություն չկա: Նախ պետք է վճռական լինել ապրելու համար, ապա աշխատել այդ ուղղությամբ":

Բելինդայի հակահետվիրուսային բուժումն իրականցվել է ՁԻԱՀ-ի բուժումը ֆինանսավորող Համաշխարհային հիմնադրամի միջոցներով:

Ներկայումս 32 միլիոն մարդ տառապում է ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով:

Ըստ փորձագետների` կանխարգելման, բուժման և խնամքի համար հատկացվող գումարները բավարար չէ:

Համաշխարհային հիմնադրամը հորդորում է երկրներին հիվանդության դեմ պայքարի համար հատկացնել իրենց համախառն ազգային արդյունքի 0.7 տոկոսը:

Գումար հանգանակելու համար դիմում են նաև ավելի նորարարական միջոցների, օրինակ` Նայքի ֆիրմայի կարմիր ժապավենով կոշիկները:

Երկու և կես միլիոն մարդկանց բուժման համար Համաշխարհային հիմանդրամը տրամադրում է ՁԻԱՀ-ին հատկացվող ամբողջ միջազգային միջոցների մեկ քառորդը:

"Զարգացման մարտահրավերը միայն կառավարության խնդիրը չէ, այլ ամբողջ հասարակության: Մասնավոր հատվածը, քաղաքացին, բոլորը պետք է համախմբվեն: Սա համընդհանուր նպատակ է",- ասում է Համաշխարհային հիմնադրամի գործադիր տնօրեն Միչել Կազատչկինը:

Ըստ պաշտոնյաների` սովի առկայությունը խոչընդոտում է հակահետվիրուսային դեղամիջոցների ազդեցությանը, և սովի պատճառով վարակված մարդկանց մոտ ՁԻԱՀ-ի վտանգը կարող է աճել 36 տոկոսով:

Փորձագետները կարծում են, որ կանխարգելելով հիվանդությունը հնարավոր է պայքարել դրա դեմ և մինչև 2015թ. հասնել ՄԱԿ-ի հազարամյակի նպատակին:

Եվ իհարկե, ջանքերն արդարցվում են Բելինդա Աթիենոյի նման կանանց մասնակցությամբ:

"Պետք է կարողանանք հրաժարվել չպաշտպանված սեռական հարաբերություններից: Տղամարդիկ շատ թույլ են, և եթե նրանց մերժենք, դա կազդի նրանց վրա: Ուրեմն` ամեն ինչ կախված է կնոջից",-համոզված է Բելինդա Աթիենոն:

Համաձայն ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի`վերջին ութ տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի նոր դեպքերի գրանցումը կրճատվել է 17 տոկոսով: Մասնակիցներից մեկի խոսքերով` հաջորդ տարվա համար նպատակը այս հաջողութունը նոր ձեռքբերման վերափոխելն է:

XS
SM
MD
LG