Մատչելի հղումներ

Վանկուվերում մեկնարկեցին ձմեռային օլիմպիական խաղերը


Կանադայի Վանկուվեր քաղաքում պաշտոնապես մեկնարկեցին 2010 Օլիմպիական խաղերը:

Օլիմպիական ջահը վառեցին մականախաղի համաշխարհային լեգենդ, կանադացի Ուեյն Գրեցկին և կանադացի երեք այլ մարզիկներ: Այնուհետև Գրեցկին դրսում վառեց քաղաքի այլ հատվածներից տեսանելի երկրորդ ջահը:

80 երկրներից ժամանած գրեթե 5 հազար մարզիկներին ողջունեցին Կանադայի բնիկ ժողովրդի ներկայացուցիչները:

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա էր գրեթե 60 հազար հանդիսատես: Արարողությունը մեծապես համեմված էր Կանադայի բնիկ ժողովրդի` հնդկացիների մշակույթով և պատմությամբ:

Մարզադաշտ դուրս բերված Վրաստանի դրոշի վրա սգակապ կար: Սգակապով էին նաև վրացի մարզիկները` ի հիշատակ ուրբաթ օրը մարզումների ժամանակ զոհված վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլիի: Արարողության ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը:

Քսանմեկամյա սահնակորդ Կումարիտաշվիլին, ոլորապտույտ ուղու վերջին շրջադարձին գրեթե 145 կմ/ժ արագությամբ սահելով, կորցրել է սահնակը և գլխով բախվել մետաղյա ձողին: Չնայած մրցակիցներն այդ ճանապարհի վրա գերազանցել են 145կմ/ժ արագությունը, նրանցից մի քանիսը կասկածի տակ են առնում դրա անվտանգությունը:

Միջազգային օլիմպիական հանձնաժողովի նախագահ Ժակ Ռոգեի խոսքերով.

"Oլիմպիական ամբողջ ընտանիքը ցնցված է այս պատահարից":

Անկախ Կուրատիտաշվիլիի մահից` Վրաստանի պաշտոնյաները հայտնել են, որ երկրի մարզիկները չեն հեռանա և կմասնակցեն մրցումներին:

Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին:


XS
SM
MD
LG