“Ինչ է ժողովրդավարությունը” հարցին են փորձել պատասխանել Ժողովրդավարության տեսանյութի առաջին մրցույթի գրեթե 900 մասնակիցներ 95 երկրներից: Մրցույթի հովանավորներն էին ամերիկյան մի շարք մասնավոր կազմակերպություններ և ԱՄՆ պետքարտուղարությունը:
Մրցությում ներկայացվել են ժողովրդավարության մեկնաբանության տարբեր մոտեցումեր: Հաղթողներ են ճանաչվել Զամբիայի, Բրազիլիայի, Նեպալի, Լեհաստանի, Ֆիլիպինների և Միացյալ Արաբական էմիրությունների մասնակիցները:
Զամբիացի Չանսա Տեմբոն տեսաերիզների փոքրիկ բիզնեսի սեփականատեր է: Նա ժողովրդավարությունը համեմատում է տարբեր մրգերի խառնուրդից պատրաստված կոկտեյլի հետ:
«Ժողովրդավարության մասին մտածելիս հասկացա, որ բոլորս պետք է հարմարվենք: Հնարավոր է`մեկին դուր չի գալիս նարինջ, մյուսին` բանան, սակայն տարբեր մրգերի խառնուդից կարելի է ստեղծել արտադրանք, որն ընդունելի կլինի ամբողջ հասարակության կողմից»,- իր տեսակետն է բացատրում նա:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում պարգևները հանձնելիս ժողովրդավարության վերաբերյալ խոսքեր մեջբերեց ներկայացված տեսանյութերից:
«Այն լի է զանգվածների ձայներով: Այն ուժ է տալիս անհատին` լինելու ուժեղ: Այն կոկտեյլ է` փիլիսոփայական գաղափարների, մշակութային նորմերի և գեղագիտական արժեքների խառնուրդ :»
Միացյալ արաբական էմիրություններից լուսանկարիչ Ռոեդին Համեդին ստեղծագործական ազատություն չունենալու պատճառով երեք տարի առաջ լքել է հայրենի Իրանը: Ըստ նրա ժողովրդավարությունը պահանջում է համառություն, նույնիսկ եթե մյուսները փորձում են ոչնչացնել այն:
“Ամենուր կարելի է տնկել ժողովրդավարության ծառը: Տղան խորհրդանշում է մտավորականներին, ովքեր հավատում են ժողովրդավարությանը: Նա պատասխանատու է ծառը տնկելու համար` նույնիսկ եթե կան խոչընդոտներ”,- ասում է նա:
Լուկաշ Շոզդան Լեհաստանից է: Նա ժողովրդավարությունը ներկայացնում է որպես շատ գաղափարների` հանդուրժողականության, խոսքի ազատության, որոշում կայացնելու ազատության համագործակցություն:
Բրազիլիացի Աննա Քերըլինա դու Սանտուշ Իշայելը իր տեսանյութը կատարել է ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով: Նա լուսանկարել է իր տասներեքամյա քրոջ մարմնի տարբեր հատվածները` ցուցադրելու համար, որ ժողովրդավարության իմաստը համագործակցությունն է:
«Հասարակությունը բաղկացած է տարբեր տարրերից` մարդկանցից, ովքեր բոլորն էլ տարբեր ցանկություններ ունեն: Ժողովրդավարությունը այս տարրերի երկխոսությունն է»,- բացատրում է նա:
Նեպալի և Ֆիլիպինների մասնակիցները փորձել են պարզել ժողովրդավարության խնդիրները:
Ֆիլիպիններից Այսա Փենյաֆիելը, մթության մեջ մեկուսացված մարդուն պատկերելով, ներկայացնում է Ֆիլիպիններում ժողովրդավարության չարաշահման իր պատկերացումը:
«Նույնիսկ համախմբման դեպքում` իշխանություն ունեցողները ժողովրդավարությունը ծառայեցնում են իրենց` այլ ոչ համընդհանուր շահի համար, ինչն լիովին հակասում է ժողովրդավարությանը»,- ասում է նա:
Նեպալից ամսագրի խմբագիր Սայրինգ Գոդեն ասում է, որ իր երկրում ժողովրդավարությունը գտնվում է քաոսում: Նա ասում է.
«Յուրաքանչյուրը փորձում է համախմբվել, սակայն տարբեր կարծիքների և գաղափարախոսությունների կրողն են: Եվ այս քաոսը կատարելապես երևում է մեր երթևեկության և շարժումների մեջ»:
Հաղթողները հնարավորություն են ստացել անվճար ճամփորդելու ԱՄՆ, որտեղ հանդիպել են կինոռեժիսորների, պաշտոնյաների և ժողովրդավարության ջատագովների: