Մատչելի հղումներ

Օգնելով անօթևաններին` օգնիր ինքդ քեզ


Ամերիկայի քաղաքներում միլիոնավոր մարդ է ապրում փողոցում: Նրանք քնում են այգու նստարաններին կամ գետնանցումներում: Նրանցից շատերն ունեն հոգեկան և առողջական խնդիրներ, ոմանք էլ պարզապես անհաջողակ են: Մարդիկ անցնում են նրանց կողքով և չեն նկատում, սակայն նրանք կարող են փոխել մարդու կյանքը:

Առավոտյան արշալույսին եկեղեցու աստիճանների վրա Ջոնըթըն Ջորջը շուռումուռ է գալիս իր վերմակի տակ: Առավոտյան վազքից թարմացած այստեղ է գալիս եկեղեցու անդամ իրավաբան Ռոբ Ֆարլին:

Երկու տարի առաջ հարևանները բողոքում էին, որ եկեղեցու աստիճաններին անօթևաններ են քնում: Ռոբն ամեն առավոտ արթնացնում էր նրանց և խնդրում հեռանալ: Օրերից մի օր անօթևաններից մեկը մեկ բաժակ սուրճ խնդրեց:

"Ես չէի ուզում դա անել, սակայն ցուրտ էր, և ես նրան ներս հրավիրեցի ու սուրճ եփեցի նրա համար",-պատմում է նա:

Սկզբում սուրճ էր, այնուհետև` ավելի շատ անօթևաններ սկսեցին գալ, սուրճը վերածվեց նախաճաշի, նախաճաշը` ընկերության:

Գրեթե ամեն առավոտ 7-8 մարդ գալիս է նախաճաշի: Սկզբում գալիս էին գիշերը փողոցում անցկացնելուց հետո լվացվելու և տաք կերակուր ունենալու համար:

Սակայն դա վերաճեց ընկերության: Ռոբի և եկեղեցու այլ անդամների համար դա հնարավորություն էր հասկանալու, թե ինչու են մարդիկ անօթևան դառնում, և ինչպես կարելի է օգնել նրանց:

""Միաբանությունների խումբ" կազմակերպության միջոցով մենք դիմեցինք սոցիալական աշխատողի օգնության: Նա մեզ օգնում է այս մարդկանց բնակարանով ապահովելու համար",- պատմում է Ռոբը:

Աշխատանքը դժվար է, սակայն հաջողություններն էլ քիչ չեն: Անօթևաններից չորս հոգի համաձայնել են վերականգնողական կենտրոն գնալ: Նրանց երկուսը դեռ ապաքինվում են:

Ռոբի խոսքերով` այս նախաճաշերն իր կյանքին նոր իմաստ են հաղորդել:

"Դրանք ինձ փոխակերպել են ավելի լայնախոհ, ըմբռնող և համեստ մարդու":

Ըստ հոգևոր առաջնորդ Ալիսա Լեսթերի`

"Ինձ համար պարզ է, որ փոխվել է մարդկանց կյանքը: Եվ կարևոր չէ` դա արվում է քաղաքականության մեջ փոփոխություններ պահանջելով, թե ուղղակի այստեղ նստած մարդու վճռականությամբ, որ ինքը կարող է փոխել իրավիճակը":

Ռոբը և Ալիսան վստահ չեն, թե որքան կշարունակվեն նախաճաշերը: Սակայն նրանք հասկացել են, որ անօթևանները մարդիկ են, ինչպես յուրաքանչյուր այլ մեկը:

XS
SM
MD
LG