Մատչելի հղումներ

Տեսախաղերը նպաստում են խաղաղության և ժողովրդավարության տարածմանը


Տեսախաղերը հետաքրքիր են, սակայն զվարճությունից բացի դրանցից մի քանիսը սովորեցնում են` ինչպես հաղթահարել համաշխարհային հակամարտություններն առանց բռնության: Որոշ կազմակերպություններ տեսախաղերի և վիրտուալ այլ խաղերի միջոցով փորձում են խթանել խաղաղության և ժողովրդավարության հաստատումը, ինչպես նաև աղետների հաղթահարումը:

«Պարենիուժ» խաղի շնորհիվ երեխաները պատկերացում են կազմում պատերազմի գոտիներում սնունդ հասցնելու դժվարությունների մասին: Այդ խաղում, օրինակ` պատերազմի և երաշտի հետևանքով ենթադրյալ կղզու բնակիչները հայտնվել են սովամահության շեմին: Նրանց միակ փրկությունը պարենի մատակարարումն է: Խաղը կարելի է անվճար բեռնել ՄԱԿ-իՊարենի համաշխարհային ծրագրի կայքից: Ծրագրի խոսնակ` Ջենիֆեր Պարմալիի խոսքերով` խաղը թարգմանվելէ 17 լեզուներով:

Նա ասում է, որ երեխաների մոտ այն զգացողությունն է առաջանում, թե խնդրի հաղթահարման մեջ իրենք կարևոր դեր ունեն:

«Առավել ազդեցիկ ուժ» տեսախաղը սովորեցնում է բռնատիրության դեմ պայքարել` կիրառելով ոչ բռնի ռազմավարություններ: Գործողությունները տեղի են ունենում նախկին Հարավսլավիայի Բելգրադը հիշեցնող քաղաքում:

Խաղի հեղինակ Էվան Մարովիչը տաս տարի առաջ` դեռևս ուսանող տարիներին, նախագահ Սլոբոդան Միլոշևիչի հրաժարականը պահանջող ոչ բռնի շարժման առաջնորդներից մեկն էր: Միլոշևիչը հրաժարական տվեց 2000թ. վիճելի ընտրություններից հետո: Այնուհետև ձերբակալվեց պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով, սակայն մահացավ մինչև Հաագայի դատարանում դատաքննության ավարտը:

Խաղի մեջ Մարովիչը հնարքներ է տեղադրել, որոնք կարող են օգնել ամբողջաշխարհում բռնատիրության դեմ պայքարին:

«Գործադուլերը, քաղաքացիական անհնազանդությունը, փողոցային ցույցերը կստիպեն վարչակարգին գնալ զիջումների կամ հրաժարական տալ»,- համոզված է նա:

Ըստ նրա` նպատակներից մեկն էլ մարդկանց մտքի և զգացմունքների վրա ազդելն է:

“Առանց բռնության պայքարի նպատակը վարչակարգին աջակցողներին քո կողմը գրավելն է և նրանց հավատարմությունը փոխելը, նաև` քեզ աջակցողների ոգևորությունը պահպանելը”,- բացատրում է Մարովիչը:

“Երկրորդ կյանք” կայքում խաղերից մեկի ուշադրության կենտրոնում է Դարֆուրի հակամարտությունը: Վերջին տարվա ընթացքում այստեղ բռնությունը կտրուկ նվազել է: Սակայն հակամարտող կողմերի բախումների արդյունքում երեք միլիոն մարդ է տեղահանված:

Դարֆուրի տեսախաղը ստեղծել է անանուն մի մարդ «Երկրորդ կյանք» ինտերնետային կայքում, որտեղ օգտագործողները կարող են կառուցել իրենց վիրտուալ աշխարհը և հաղորդակցվել մյուսների հետ:

“Երկրորդ կյանքը” ստեղծել է Լինդենի լաբորատորիան, որի աշխատակից Սքոթ Սեսչերն ասում է.

«Այս միջավայրում մարդիկ կարող են հասկանալ` ինչ է կատարվում Դարֆուրում, լսել Դարֆուրը լքած և այժմ փախստականների ճամբարում բնակվող ընտանիքների պատմությունները»:

Ըստ նրա` «Երկրորդ աշխարհում» հնարավոր է հաղորդակցվել աշխարհի ցանկացած վայրում բնակվող մարդկանց հետ: Հնարավոր է խոսել, ասենք` Ճապոնիայում բնակվողների հետ: Բառերը գրելիս դրանք անմիջապես թարգմանվում են ճապոներեն:

Կայքում կան նաև ժողովրդավարության հաստատմանը և հակամարտությունների լուծմանը նպաստող խաղեր: Դրանցից մեկը, օրինակ` ծանոթացնում է ժողովրդավարական երկրների իրավական համակարգին:

XS
SM
MD
LG