Մատչելի հղումներ

Տեսախաղերը միայն զվարճանք չեն


Տեսախաղերը միայն զվարճանք չեն
Տեսախաղերը միայն զվարճանք չեն
<!-- IMAGE -->

ԱՄՆ-ում տեսախաղեր սկսում են խաղալ սկսած չորս-հինգ տարեկանից: Հաճախ ծնողներն անհանգստանում են, որ երեխաները երկար ժամանակ են հատկացնում խաղերին: Սակայն այժմ հնարավոր է` ծնողներն իրենք խրախուսեն երեխաներին ավելի շատ խաղալ: Երիտասարդները կարող են աշխատանք ապահովել տեսախաղերի և տեխնոլոգիայի ոլորտում, քանի որ լուրջ խաղերը նույնքան արագ են զարգանում, որքան զվարճանքի համար նախատեսված խաղերը:

Ջեյսըն Քենյընը սիրում է տեսախաղերը և չի ժխտում, որ այդ սերը քիչ է տարբերվում մոլուցքից: Ծնողներն անհանգստացած էին:

“Մեղմ ասած` դա նրանց դուր չէր գալիս: Նրանք հորդորում էին վերջ տալ խաղերին և զբաղվել իրական մասնագիտությամբ”,-պատմում է նա և շարունակում-“ Ես համոզված եմ, որ սա լուրջ մասնագիտություն է: Երկու տարի հետո, երբ ստանամ բակալավրի աստիճան, ավելի հեշտությամբ կկարողանամ աշխատանք գտնել, քան այլ ոլորտներում: Կարծում եմ` ապագաս լավն է լինելու”:

Տեսախաղերի և տեխնոլոգիայի ոլորտում մասնագիտացման նկատմամբ ուսանողների հետաքրքրությունն աճում է:

“Տեսախաղերի ոլորտի ապագան շատ պայծառ է: Այն հյուսվել է գրեթե բոլոր մնացած ոլորտներին` ռազմականից մինչև ազգային անվտանգություն, առողջապահություն, կենսատեխնոլոգիա, գովազդ”,-կարծում է քոլեջի պրոֆեսոր Դեբորա Սոլոմոնը :

Ըստ Դեբորայի` դաշնային կառավարությունը միլիոնավոր դոլարներ է տրամադրում տեսախաղերի ոլորտին և տարբեր գործակալությունների անձնակազմին վերապատրաստելու համար: Օրինակ` ԱՄՆ զինված ուժերում ստեղծվել է խաղերի շարք` Ամերիկայի զինուժը: Այն կարելի է ներբեռնել անվճար: Խաղի նպատակը երիտասարդներին զինված ուժերում աշխատանքի հնարավորությունների մասին իրազեկելն է:

Վաշինգտոնի արվարձաններում գտնվող “Ուիլ ինթըրեքտիվ”-ը խաղերի զարգացմամբ զբաղվող առաջատար ընկերություն է: Նրանց տեսախաղերից է զինված ուժերում ինքնասպանության կանխարգելման ծրագիրը, Հետախուզության դաշնային բյուրոյում` պատանդներին ազատելու բանակցության վերապատրաստումը:

“Սա մարդկանց հետ շփվելու հրաշալի միջոց է, ուսումնական հաստատություններում սկսել են հասկանալ խաղերի կարևորությունը: Ներկայիս տնտեսական իրավիճակը փոքր-ինչ զսպեց ոլորտի զարգացումը, սակայն այժմ բավական ծանրաբեռնված ենք”,-ասում է ընկերության ֆինանսական պատասխանատու Դեվիդ Վերսոուն:

Համակարգչային խաղերի ծրագրավորողի որակավորում ստանալուց հետո Բրայըն Դոյլը հիմանդրեց “Թույլ տուր խաղ ստեղծել” կրթական տեսախաղը:

“Անցյալ և ներկայիս հազարամյակի սերունդները տարբեր եղանակով են սովորում, ուսուցանելու նոր մեթոդներ են հարկավոր: Տեսախաղերն այդ արդյունավետ մեթոդներից մեկն է”,-ասում է Բրայընը:

Վաշինգտոնում և հարակից Մարիլենդում ու Վիրջինիայում տեսախաղերով զբաղվող տեխնոլոգիաների գրեթե 100 ֆիրմա կա:

Ըստ փորձագետների` լուրջ խաղեր ներկայացնող ընկերությունները դեռ շատ չեն: Սակայն նրանք վստահ են, որ շուկայում դրանց բաժինը կավելանա, երբ ընկերություններն սկսեն աշխատել երիտասարդ սերունդների համար, ովքեր մեծացել են խաղեր խաղալով:

XS
SM
MD
LG