Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դպրոցներում տեսախաղերն օգտագործվում են որպես ուսուցողական նյութեր


Վերջին երկու տասնամյակների ընթացքում զգալի անկում է ապրել ԱՄՆ-ի աշակերտների առաջադիմությունը մաթեմատիկայի, գիտությունների և ընթերցանության առարկաներից: 2005թ. զարգացած պետությունների շարքում ԱՄՆ-ը իններորդ տեղն է զբաղեցրել միջնակարգ դպրոց ավարտող աշակերտների թվով: Կրթական համակարգի պաշտոնյաները փորձում են իրավիճակը շտկելու նորարարական մոտեցումներ գտնել: Դրանցից մեկը ուսուցման գործընթացի հետաքրքրացումն է տեսախաղերի միջոցով:

Տասնվեցամյա Ջոն Դիասը տիպիկ պատանի է: Նա հաճույքով տեսախաղեր է խաղում, բայց դաս անել չի սիրում: Արձակուրդներին Դիասն իր ուսուցումը տանն է շարունակում, քանի որ Ֆլորիդայի վիրտուալ դպրոցի շրջանակներում նա իր դասընթացներն ստանում է սեփական համակարգչի միջոցով:

Ֆլորիդայի վիրտուալ դպրոցի գլխավոր տնօրեն Ջուլի Յանգն ասում է, որ ուսուցումն իրականացվում է այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք պատանիները հաճույքով են կիրառում:

“Դպրոցներում բազմաթիվ աշակերտներ կան, ում ուսումը բացարձակ չի հետաքրքրում: Մենք մեծ հույսեր ունենք, որ Դավադրության գաղտնանիշը նրանց մոտ հետաքրքրություն կառաջացնի ուսման հանդեպ”, ասում է նա:

Դավադրության գաղտնանիշը ԱՄՆ-ի պատմությունն ուսուցանող տեսախաղ է: Աշակերտները երկու հերոսների միջոցով փորձում են դավադրություն կանխել: Ընթացքում նրանք սովորում են ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի և պատմության այլ դրվագների մասին:

Ջոն Դիասն ասում է, որ այժմ հաճույքով է ուսումնասիրում ԱՄՆ-ի պատմությունը: Նա ամեն օր մասնակցում է խաղին:

Խաղը վիրտուալ դպրոցի և 360ED կրթական ծրագրեր մշակող ընկերության ծրագրավորողների համատեղ աշխատանքի արդյունքն է:

Ֆլորիդայի վիրտուալ դպրոցի ուսուցիչներն ուսումնական գործընթացում տեսախաղերի ներառման հատուկ հատուկ դասընթացներ են անցել:

Սակայն ոչ բոլոր դպրոցներն են ընդունել այդ պրակտիկան, քանի որ դժվար է համակերպվել դասագրքերը տեսախաղերով փոխարինելու գաղափարի հետ:

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի կրթության բնագավառի մասնագետների համաձայն` տեսախաղերի սահմանափակ կիրառումը նաև պայմանավորված է ոչ բարենպաստ օրենսդրությամբ և տեսախաղերի արտադրության բարձր արժեքով:

Մադրիդի Քոմփլութենս համալսարանի գիտնականների մի հետազոտության համաձայն` տեսախաղերը երբեմն կարող են հանգեցնել ուսման հանդեպ հետաքրքրության կորստի, քանի որ ուսումնական գործընթացում աշակերտներին ուսուցիչների հետ առավել ակտիվ շփում է անհրաժեշտ:

Սակայն Ջոն Դիասն ասում է, որ Դավադրության գաղտնանիշը նրան շատ է օգնել պատմություն սովորելու հարցում, և հույս ունի, որ այլ դժվար առարկաների համար նույնպես տեսախաղեր կմշակվեն:

XS
SM
MD
LG