ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում աննախադեպ մասնակցություն է ակնկալվում և գրանցվում, սակայն բազմամարդ շատ ընտրատարածքներում քվեարկության գործընթացը խնդրահարույց է դարձել:
Ընտրողները ստիպված են երկար հերթեր կանգնել Վիրջինիա նահանգում, որտեղ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնի միջև մրցակցությունը չափազանց բարձր է:
Մեկ ընտրատեղամասում, որտեղ մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել առավոտյան վաղ ժամերին քվեարկելու նպատակով, մոտ երկու ժամ շարունակվող հերթեր են արձանագրվել: Մեկ այլ ընտրամասում մոտ 180 մետր ձգվող հերթ է գոյացել:
Ֆլորիդա նահանգում, որտեղ մրցակցությունը նույնպես շատ բարձր է, ընտրական մեքենաների հետ կապված ոչ շատ լուրջ անսարքություններ են առաջացել: Սակայն այս նահանգում երկարաձիգ հերթեր չեն ակնկալվում, քանի որ ընտրազանգվածի մոտ 40 տոկոսն արդեն մասնակցել է ընտրություններին` փոստով կամ վաղ ընտրությունների միջոցով:
Մեծամասամբ Դեմոկրատական կուսակցությանը սատարող Նյու Յորք քաղաքում ընտրողների հերթը ձգվում էր մի խաչմերուկից մինչև հաջորդը: Տեղական պաշտոնյաներից մեկի խոսքերով, դա իր կյանքում տեսած ամենաերկար հերթն է որևէ ընտրատեղամասում: Ակնկալվում է, որ այս նահանգում կհաղթի Բարաք Օբաման: