Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում Լոս Անջելեսում աշխատանքի վերապատրաստման հնարավորություններ և սնունդ է ապահովվում


Փետրվար ամսին նախագահ Օբաման ԱՄՆ-ի տնտեսության խթանման լայնամասշտաբ փաթեթ ստորագրեց: Այժմ պետության ողջ տարածքում փաթեթի շրջանակներում իրականացվում են ծրագրեր` սկսած ճանապարհային շինարարությունից մինչև այլընտրանքային էներգիայի հետազոտություններ:

Ուաթս Հելթ շահույթ չհետապնդող կենտրոնը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում: Քալիֆորնիայում գործազրկությունը հասել է 11 տոկոսի, որը շատ բարձր ցուցանիշ է:

Տնտեսության խթանման փաթեթի շրջանակներում այստեղ 25 երիտասարդ է վերապատրաստվում: Նրանց թվում է քարտուղարի աշխատանքի համար վերապատրաստվող 19-ամյա Քիարա Լին:

“Սա մեծ հնարավորություն է ինձ համար: Գրասենյակային աշխատանքը լավ կանդրադառնա ապագա աշխատանքային ուղուս վրա”, ասում է նա:

Հատկացված տասներկու միլիոն դոլարով այս քաղաքում անցյալ տարվա համեմատությամբ ավելի մեծ թվով երիտասարդներ կարող են վերապատրաստվել: Կրկնակի աճել է նաև մեծահասակների վերապատրաստման ֆինանսավորումը:

Ուսանող Նիքոուլ Գրեյվսը որպես լրագրող է վերապատրաստվում: Նա աշխատում է մի լրատուի խմբագրությունում, որը երիտասարդներին նոր հնարավորությունների մասին է իրազեկում: Նա անչափ շնորհակալ է պետական ծրագրի համար:

Տնտեսության խթանման ծրագրի շրջանակներում նաև ֆինանսավորվում է Լոս Անջելեսի տարածքային պարենի կենտրոնը, որը սնունդ է տրամադրում Լոս Անջելեսի հարյուրավոր բարեգործական ընկերությունների:

ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը նույնպես աջակցում է պետության տարբեր պարենի կենտրոնների` ընդ որում տնտեսության խթանման փաթեթի շրջանակներում զգալի ընդլայնելով մատակարարման ծավալները:

Կենտրոնի ծառայություններից օգտվող տեղական բարեգործական կազմակերպություններից մեկի աշխատակից Ըրլ Հիլն ասում է, որ աճել է սննդի օգնություն հայցող մարդկանց թիվը:

“Չորեքշաբթի օրերին սովորաբար 60-ից 65 մարդ ենք սպասարկում` նրանց տալով մոտ մեկ շաբաթվա պաշարներ: Այժմ նրանց թիվը հասել է 100-ից 125-ի”, պատմում է նա` հավելելով, որ պետական ֆինանսավորումը մեծ դեր է խաղում:

XS
SM
MD
LG