Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի


Այս շաբաթ միջուկային զենքերի առնչությամբ Հյուսային Կորեայի ձեռնարկած քայլերը ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը դրական է գնահատել և միաժամանակ նշել է, որ ապագայում առավել սերտ համագործակցություն է ակնկալում: Այդ մասին նա հայտնել է Հարավային Կորեայում, որտեղ հանդիպումներ են նախատեսված Հարավային Կորեայի նախագահի և արտաքին հարաբերությունները կարգավորող նախարարների հետ:

Արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսն ասել է, որ Հյուսիսային Կորեան պետք է առավել պատրաստակամ լինի բացահայտելու իր միջուկային անցյալի մանրամասները:

Շաբաթ օրը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում իր այցի ընթացում նա նշել է, որ պաշտոնական Պխենյանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներին տրամադրված փաստաթղթերում ուրանի հարստացման ենթադրվող ծրագրի վերաբերյալ որոշ հղումներ կան: Նաև որոշ տվյալներ կան միջուկային տեխնոլոգիաների մշակմանը ուղղված այլ երկրներին աջակցելու նպատակով Հյուսիսային Կորեայի ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Սակայն, տիկին Ռայսը նշել է, որ այդ տեղեկությունները բավարար չեն:

“Ուրանի հարստացման և միջուկային ենթակառուցվածքների տարածման խնդիրների շուրջ ես շարունակում եմ պնդել, որ համապատասխան տվյալներ դեռևս չեն տրամդրվել, սակայն ակնկալում եմ, որ Հյուսիսային Կորեան համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի կատարի այդ խնդիրներին լուրջ ուշադրություն դարձնելու իր ստանձնած պարտավորությունը,” նշել է Ռայսը:

ԱՄՆ-ը կարծում է, որ Հյուսիսային Կորեան աջակցել է Սիրիային միջուկային արտադրամաս կառուցելու հարցում, և որ անցյալ տարի Իսրայելի ռազմական օդանավերն այդ կառույցն են ռմբակոծել:

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ամբողջական վերացմանն ուղղված միջազգային բանակցությունների շրջանակում` այս շաբաթ Հյուսիսային Կորեան հանձնել է իր միջուկային արտադրանքի վերաբերյալ հռչակագիրը, որի ժամկետը վաղուց էր լրացել: Այն հիմնականում առնչվում է Յոնգբյոն տեղամասում պլուտոնիումի արտադրանքի առկայությանը:

Մայիս ամսին Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին է հաձնենլ Յոնգբյոնին առնչվող գործավարական հազարավոր փաստաթղթեր: Ուրբաթ օրը` որպես հանրությանն ուղղված խորհրդանշական քայլ, Հյուսիսային Կորեան պայթեցրեց կայանի սառեցման աշտարակը:

Սակայն Հյուսիսային Կորեան դեռևս չի պարզաբանել քանի միջուկային զենք ունի և որտեղ են դրանք: Ռայսը նշել է, որ այդ խնդիրները պետք է լուծվեն ապագա բազմակողմանի բանակցությունների միջոցով: “Ես պարզապես ցանկանում եմ ընդգծել, որ ի վերջո պետք է հասնել բոլոր ծրագրերի վերացմանը, այդ թվում` զենքերի և նյութերի,” ասել է նա:

XS
SM
MD
LG