Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Կուբայի հետ միգրացիոն հարաբերությունների շուրջ բանակցությունների վերսկսման առաջարկ է արել


ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կուբային առաջարկ է արել վերսկսել Կուբայից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ միգրացիայի շուրջ բանակցությունները:

Հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը քննարկումների վերսկսման առաջարկ է արել` “վերահաստատելու երկու կողմերի պարտավորությունը երաշխավորել ապահով, օրինական և կարգավորված միգրացիա”: Կուբայի պաշտոնյաներն անմիջապես չեն արձագանքել այս առաջարկին: Բանակցությունները կասեցեվել են դեռևս 2003թ.:

Այժմ ԱՄՆ-ը կիրառում է “թաց ոտքի, չոր ոտքի” քաղաքականություն Կուբայից անօրինական ճանապարհներով ներգաղթած մարդկանց նկատմամբ: Այս քաղաքականության համաձայն` ԱՄՆ-ի հողի վրա ոտք դրած կուբացիներին թույլ են տալիս մնալ ԱՄՆ-ում, մինչդեռ ծովում բռնված կուբացիները հետ են ուղարկվում:

Այս վերջին քայլը հաջորդում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ապրիլ ամսին ընդունած որոշմանը, որի համաձայն կուբայական ծագում ունեցող ամերիկացիները հեշտացված կարգով կկարողանան այցելել Կուբայում իրենց բարեկամներին և գումարներ ուղարկել նրանց: Միևնույն ժամանակ նախագահ Օբաման փոփոխություններ չի առաջարկել Կուբայի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների հարցում: Նա նշել է, որ հաջորդ քայլը պետք է Կուբան անի:

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն վերջերս կրկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման նպատակով ցանկացած թեմա քննարկելու պատրաստակամությունը` միևնույն ժամանակ ասելով, որ Կուբան չպետք է հատուկ նշաններ ցուցաբերի ԱՄՆ-ի հանդեպ:

XS
SM
MD
LG