Մատչելի հղումներ

Օբամայի վարչակազմը ԱՄՆ-ի ողջ տարածքում բարձր արագությամբ ինտերնետային ծառայության մատչելիության ծրագիր է նախաձեռնել


Օբամայի վարչակազմի նախաձեռնությամբ` ԱՄՆ-ի Կոնգրեսը յոթ միլիարդ դոլար կհատկացնի բարձր արագությամբ ինտերնետային կապի ցանցեր կառուցելու համար` այսպիսով համացանցը մատչելի դարձնելով ԱՄՆ-ի յուրաքանչյուր ընտանիքի համար: Այս ծրագիրը, որը հիմնականում ուղղված է գյուղական և առավել խոցելի համայնքներին, աշխատանքի նոր հնարավորություններ կստեղծի ներկայիս համընդհանուր թվայնացված տնտեսության պայմաններում:

Հիսունութամյա Մոնա Հանիքաթը օրական շուրջ երկու ժամ աշխատում է համակարգչի վրա: Նա և 75-ամյա Վիվիան Լիփերն այն մեծահասակ ամերիկացիներից ենք, ովքեր ամեն օր օգտվում են բարձր արագությամբ ինտերնետից:

Վիվիան Լիփերն ասում է, որ ինչ-որ առումով ստիպված ես համակարգչից և համացանցից օգտվել անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

Նրանք բեռնում են բժշկական տեղեկատվություն, կարգավորում ֆինանսական հարցեր և հարազատների հետ կապ պահպանում: Հետազոտությունների համաձայն` մոտ 50 միլիոն հիսունն անց ամերիկացիներ օգտվում են համացանցից, սակայն շատ մեծահասակներ չեն կարող 30-40 դոլար հատկացնել բարձր արագությամբ կապի համար:

“Կարծում եմ` մեծահասակներին պետք է առաջնահերթ զեղչեր տրվեն, քանի որ նրանց եկամուտը սահմանափակ է: Շատերը կօգտվեին համացանցից, բայց գիտեն, որ դա տանկ հաճույք է”, աում է Մոնի Հանիքաթը:

Նախագահ Բարաք Օբաման և որոշ կոնգրեսականներ ցանկանում են շտկել իրավիճակը: Տնտեսության վերականգնման ծրագրի շրջանակներում շուրջ յոթ միլիարդ դոլար է հատկացվել ԱՄՆ-ի ողջ տարածքում մատչելի և բարձր արագությամբ կապ հաստատելու համար:

Վերջերս նախագահը վերահաստատել է իր այն նպատակը, որ յուրաքանչյուր ամերիկացի պետք է արագ կապի հնարավորություն ունենա` անկախ բնակության վայրից և ստացած եկամտից:

Դենիել Վիլսոնը Սևամորթ տարեցների ազգային կենտրոնի ծրագրերի մշակման գործադիր տնօրենն է: Նրա ղեկավարած կազմակերպությունը համագործակցում է արագ կապ տրամադրող ընկերությունների հետ և տարեց սևամորթներին սովորեցնում համակարգչից օգտվել: Նրա կարծիքով` առաջին հերթին պետք է կապը մատչելի դարձնել:

“Շատ տարեցներ, ում հետ մենք աշխատում ենք, արդեն ունեն արագ կապ, սակայն նրանցից շատերը կնախընտրեին, որ ծառայության վճարը փոքր-ինչ ցածր լիներ”, ասում է նա:

Ըստ հաշվարկների` շուրջ 43 միլիոն ընտանիքներ դեռևս օգտվում են հեռախոսագծով տրամադրվող ցածր արագությամբ կապից: “Թվային հավասարության դաշնություն” հասարակական կազամակերպությունը խթանում է արագ կապի օգտագործումը անուշադրության մատնված փոքրամասնությունների շրջանում: Կազմակերպության ղեկավար Ջուլիուս Հոլիսի խոսքերով` ենթակառուցվածքներ ստեղծելուն զուգահեռ` պետք է ուշադրություն դարձնել արագ կապի կիրառումներին` ամերիկացիներին թվային աշխարհի պայմաններին նախապատրաստելու նպատակով:

75-ամյա Ռիչըրդ Ռիվսը կոմունալ ծառայությունների վարձավճարներն անում է համացանցի միջոցով: Նա անթիվ ժամեր է անցկացնում համացանցում` իրեն հետաքրքրող թեմաների շուրջ նյութեր կարդալով և հարազատներին թվային լուսանկարներ ուղարկելով: Նրա կարծիքով, արագ կապ ունենալու դեպքում, տարեցների 85 տոկոսը կօգտվեր համացանցից:

Նրա խոսքերով` տարեցներն առողջապահական խնդիրներ են ունենում և համացանցի միջոցով տեղեկատվություն կարող են ստանալ և այցելել բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների կայքերը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համաձայն` արագ կապի տարածվածության մակարդակով ԱՄՆ-ը չորրորդ տեղից իջել է 15-րդ տեղ: Ծրագրի ջատագովները կարծում են, որ այն կնպաստը ոչ միայն տարեցներին, այլև թվային տեխնոլոգիաներից կախված բոլոր անձանց:

XS
SM
MD
LG