Մատչելի հղումներ

ԱՄՆ դիվանագետի կարծիքով նախկին խորհրդային հանրապետությունների և Ռուսաստանի շահերը չեն համընկնում


Նախկինում Խորհրդային Միության մաս կազմող անկախ հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունները հաճախ վիճահարույց են եղել: Տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու Ռուսաստանի ջանքերը Արևմուտքի հետ լարվածության առիթ են հանդիսացել` մասնավորապես նախկին խորհրդային հանրապետություններից մի քանիսի ՆԱՏՕ-ի ազդեցության շրջանակում ներառվելու կապակցությամբ: Մոսկվա կատարած իր այցելության ժամանակ, ԱՄՆ-ի արտգործնախարարի` Եվրոպայի և Եվրասիայի գծով նորանշանակ օգնականի տեղակալ Դեյվիդ Մերկելը հորդորել է Ռուսաստանին զերծ մնալ նախկին խորհրդային պետություններում միջամտություններից` պատճառաբանելով, որ նրանց ազատություն տալը սեփական ուժերով արտաքին և տնտեսական քաղաքականություն վարել ի վերջո առավել շահավետ կլինի Ռուսաստանի համար:

Դեյվիդ Մերկելն իր պաշտոնը ստանձնել է մարտ ամսին: Ռուսաստանի հետ մեկտեղ` նա պատասխանատու է Ուկրաինայի, Բալառուսի և Մոլդովայի հետ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում միջուկային զենքերի տարածման դեմ պայքարի հետ կապված գործերի համար:

Մերկելն ընդգծել է, որ սեփական երկրի ներքին և արտաքին քաղաքականություն վարելը նախկին խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրի ինքնիշխանության իրավունքն է: Նա նշել է, որ այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանը համարում է իր “մերձավոր արտասահմանը”, ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը չեն բախվում: “Ես կարծում եմ, որ Ռուսաստանը առավել բարենպաստ հարաբերություններ կձևավորի իր հարևաններից մի քանիսի հետ, եթե ճանաչի նրանց` Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի և այլ պետությունների հետ առավել ընդարձակ հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը:”

ԱՄՆ-ը աջակցում է Ուկրաինայի և Վրաստանի կառավարությունների` ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատլու շարունակական ջանքրեին` անկախ Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի բնակչության մեծամասնության դժգոհությանը: Դեյվիդ Մերկելն ընդունում է, որ նման դժգոհություն գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ նշում է, որ ՆԱՏՕ-ին հաջողվել է համոզել թերահավատներին Արևելյան Եվրոպայի այլ պետություններից, որոնք ի վերջո դարձել են դաշնության անդամներ: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի կայունություն և բարեկեցություն հաստատել Ռուսաստանի սահմաններին մոտ, ինչն իր հերթին բխում է վերջինիս շահերից: “Հետաքրքիր հետևություններ կարելի է անել ժամանակին ՆԱՏՕ-ի անդամակցություն հայցող և այժմ արդեն անդամ պետություններն ուսումնասիրելիս: Օրինակ` Ռուսաստանի առևտրային հարաբերությունները ընդլայնվել են Բուլղարիայի և Ռումինիայի հետ: Կան նաև բազմաթիվ այլ օրինակներ,” ասել է նա:

Այնուամենայնիվ, ռւս անկախ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կոնովալովի կարծիքով` ընդլայնված առևտրային հարաբերությունները պայմանավորված են բարելավված տնտեսական քաղաքականությամբ, այլ ոչ` նշված երկրների ՆԱՏՕ-ում անդամակցությամբ: Նա նաև զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությունը կարող է էլ ավելի սրել լարվածությունը Աբխազիայում, ինչն իր հերթին կարող է անջատողական շարժումներ հրահրել Կովկասում Ռուսաստանի պատկանող որոշ տարածքներում, ինչպես օրինակ` Չեչնիայում և Ինգուշետիայում:

Կոնովալովն ասում է, որ Ռուսաստանին մտահոգում է այն, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցությանը կարող է հաջորդել Շենգեն պայմանագրի կնքումը, որը նախատեսում է Եվրոպական Միության սահմաններում մարդկանց և ապրանքների ազատ փոխադրում: Նրա կարծիքով` այդ պայմանագիրը կարող է խստացնել ռուս-ուկրաինական սահմանի մուտքի ռեժիմը, ինչը բացասաբար կանդրադառնա սերտ առևտրային կապեր ունեցող այդ երկու երկրների բնակչության վրա:

Կոնովալովը համաձայն է Դեյվիդ Մերկելի այն դիտարկմանը, որ տնտեսական զարգացումը հանգեցնում է այնպիսի քաղաքացիական արժեքների ձևավորմանը, ինչիսիք են` օրենքի առջև հավասարությունը, պայմանագրերի անխախտելիության սկզբունքը, կոռուպցիայի ցածր մակարդակը, քանի որ դրանք անհրաժեշտ են ներդրողների վստահելության ձեռքբերման համար: Այնուամենայնիվ, Կանավալովն ասել է, որ այդ կապն այդքան ակնհայտ չէ Խորհրդային Միությունում դաստիարակված մարդկանց համար. Նրա կարծիքով, այդ խնդրի լուծման գրավականը մասնավոր սեփականության խթանումն է: Վերլուժաբանն ասել է, որ մասնավոր սեփականատերերի թվի աճի հետ մեկտեղ մարդիկ կսկսեն գիտակցել այն մեծ դերը, որ կարող են իրենք խաղալ: Նրա կարծիքով` նրանք պետք է հստակ իմանան, որ իրենց չեն կարող զրկել իրենց սեփանակություն, իսկ որևէ խնդիր ծագելու պարագայում` նրանք կարող են իրեն սեփականության իրավունքը պաշտպանել դատական կարգով:

Դեյվիդ Մերկելը նաև մատնանշել է միջազգային իրավունքի կիրառման կարևորությունը մասնավորապես էներգետիկ ռեսուրսների բաշխման բնագավառում, ինչը Ռուսաստանին առնչվում է որպես մատակարարողի, Եվրոպային` որպես սպառողի, իսկ Ուկրաինային` որպես տարանցիկ պետության: “ԱՄՆ-ը Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությամբ ցանկանում է Ուկրաինան դարձնել էներգառեսուրսների առավել թափանցիկ և արդյունավետ տարանցիկ տարածք:”

Դեյվիդ Մերկելը ողջունել է Ռուսաստանի հետ համագործակցությունը միջուկային զենքերի տարածման դեմ պայքարի բնագավառում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի աջակցությունը Մոլդովայի Մերձդնեսթրում լարվածության հանգուցալուծման հարցում: Միևնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետը նշել է, որ սպանված լրագրողների չբացահայտված հանգամանքների քրեական հետաքննությունն առաջնահերթ խնդիր պետք է լինի Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև նախկին խորհրդային այլ պետությունների համար:

XS
SM
MD
LG