Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դիվանագետը զուսպ լավատեսություն է արտահայտել Հյուսիսային Կորեայի` միջուկային գործունեության ամփոփագիր ներկայացնելու ծրագրերի առնչությամբ


ԱՄՆ-ի դիվանագետ Քրիստոֆեր Հիլն ասել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է հրապարակել իր միջուկային գործունեության ամփոփագիրը, ինչը վաղուց ի վեր նախատեսված էր: Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ այսպես կոչված վեցակողմ բանակցությունների վերսկսման առնչությամբ Պեկինում կայացած երկօրյա հանդիպումներից հետո պարոն Հիլը Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկերոջը:

Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Քրիստոֆեր Հիլն ասել է, որ ակնկալվում է, որ Հյուսիսային Կորեան շուտով պատրաստվում է հրապարակել իր միջուկային գործունեության ամփոփագիրը: Սակայն նա հավելել է, որ չի ցանկանում կանխատեսել` կոնկրետ որ օրը կամ որ շաբաթ դա կլինի: “Նրանք պատրաստվում են դա անել, իսկ մեզ համար կարևոր է այն, որ դա արվի այնիպիսի ձևաչափով, որը մեզ թույլ կտա ստուգել տեղեկատվության ամբողջական լինելը և ճշգրտությունը,” ասել է նա:

Հիլը նաև ասել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները շատ կարևոր պահի են վերսկսվում:

Հյուսիսային Կորեան, Հարավային Կորեան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը և Ճապոնիան ներգրավված են այսպես կոչված վեցակողմ բանակցային գործընթացում, որի նպատակն է վերջ դնել Պխենյանի միջուկային ծրագրին:

Ավելի վաղ` մայիս ամսին, Հյուսիսային Կորեան հանձնել է շուրջ տասնութ հազար էջից բաղկացած փաստաթղթերի փաթեթ Յոնգբյոնի միջուկային ռեակտորի և վերամշակման կայանի վերաբերյալ: Քրիստոֆեր Հիլը, ով վեցակողմ բանակցություններում ԱՄՆ-ը ներկայացնող հիմնական դիվանագետն է, ողջունել է այդ քայլը: Մասնավորապես, նա ասել է. “Հիրավի, փաստաթղթերի տրամադրումը ցույց է տալիս, որ նրանք գիտակցում են` որքան կարևոր է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ բանակցող մյուս կողմերի համար տեղեկատվության վերստուգումը:”

ԱՄՆ-ի համաձայն` տրամադրված փաստաթղթերը կարծես ճշգրիտ են: Քրիստոֆեր Հիլն ասել է, որ նա և իր ռուս գործընկերը` արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Բորոդավկինը քննարկել են Հյուսիսային Կորեա վառելիքային նավթ ուղարկելու ծրագրերը` երկրի էներգետիկ խնդիրներին ընդառաջ:

Բորոդավկինը նշել է, որ Ռուսաստանը շուտով կիրականացնի այդ խոստումը: Նա ասել է, որ Ռուսաստանը շուտով` հավանաբար հունիսի սկզբին, կավարտի վառելիքի երկրորդ մասնաբաժնի մատակարարումը Հարավային Կորեա, իսկ առաջինն ուղարկվել է հունվար ամսին:

Մոսկվայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան հանդիպումն ամփոփեց վեցակողմ բանակցությունների շրջանակում շուրջ մեկ շաբաթ տևած բազմաթիվ խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում պարոն Հիլը Պեկինում հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Ճապոնիայի դիվանագետների, իսկ Մոսկվայում` Հարավային Կորեայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Ուրբաթ օրը Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի դիվանագետներն առանձին հանդիպում են ունեցել Պեկինում:

Ըստ ԱՄՆ-ի դիվանագետի`Չինաստանը փորձում է կազմակերպել վեցակողմ բանակցությունների շրջանակում հաջորդ հանդիպումը, որի կոնկրետ ամսաթվերը կհաստատվեն կողմերի հետ լրացուցիչ խորհրդատվությամբ:

XS
SM
MD
LG