Մատչելի հղումներ

Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի համաձայն` Նիգերիայի կառավարությունը կրոնական հիմքերով բռնություններ է թույլ տալիս


ԱՄՆ-ի կառավարությանը կից Աշխարհում կրոնի ազատության հարցերով հանձնաժողովն իր վերջին զեկույցում մտահոգություն է հայտնել առ այն, որ Նիգերիան պատշաճ կերպով չի անդրադառնում երկրում կրոնական ազատության դեմ ոտնձգությունների և կրոնական հիմքերով բռնությունների շարունակական դրսևորումներին: Զեկույցի համաձայն` կրոնական ազատությունն ամենաշատը վտանգված է տասներեք պետություններում, այդ թվում` Նիգերիայում և Իրաքում:

2008թ. նոյեմբերին Նիգերիայի Ջոս քաղաքում քրիստոնյաների և մահմեդականների միջև բռնի բախումներ տեղի ունեցան: Ականատեսների տվյալներով` եղել են զինված բախումներ, տներ են թալանի ենթարկվել և հրդեհվել: Բախումների արդյունքում շուրջ 400 անձ է զոհվել:

Աշխարհում կրոնի ազատության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Լեոնարդ Լեոն նշել է, որ սա կրոնական հիմքերով բռնության միակ դեպքը չէ, որին Նիգերիայի կառավարությունը չի անդրադարձել: "Կառավարությունը հանդուրժում է այս սպանությունները, ինչպես նաև բռնության և եկեղեցիների ու մզկիթների ոչնչացման դեպքերը և ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկում”, ասել է նա:

Լեոնարդ Լեոյի խոսքերով` վերջին յոթ տարիների ընթացքում Նիգերիան եղել է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, սակայն վերջին տարվա իրավիճակի արդյունքում այն հայտնվել է հատուկ մտահոգության առարկա երկրների ցուցակում:

Բացի Ջոսից, կրոնական հիմքերով սպանություններ նաև այլ քաղաքներում են եղել: Հանձնաժողովի տվյալներով` Նիգերիայի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել որոշ այն դեպքերում, երբ նախազգուշացնող նշաններ են եղել, որ բախումներն անխուսափելի են: Սակայն, Լեոյի խոսքերով, ամենամտահոգիչն այն է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում նույնիսկ բռնություններից հետո:

"Վերջին տարիների ընթացքում կրոնական հիմքերով բազմաթիվ բախումներ են եղել, որոնցից և ոչ մեկի առնչությամբ հետախուզություն կամ դատաքննություն չի ձեռնարկվել Նիգերիայի կառավարության կողմից”, նշել է նա:

Հանձնաժողովը ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել խրախուսել Նիգերիային համապատասխան քայլեր ձեռնարկել` կրոնական հիմքերով բռնությունները կանխելու նպատակով:

Դեկտեմբեր ամսին Իրաքը նույնպես ընդգրկվել է հատուկ մտահոգության առարկա պետությունների ցուցակում: Զեկույցում նշվում է, որ Իրաքի կառավարությունը հանդուրժում է փոքրաթիվ կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունները:

Ընդհանուր առմամբ Հանձնաժողովն առանձնացրել է տասներեք պետություն, որտեղ կրոնական ազատությունը վտանգված է:

XS
SM
MD
LG