2009 թվականի կտրվածքով բնական գազի գնի շուրջ բանակցությունների ձախողումից հետո Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային: Սակայն երկու կողմերն էլ հավաստիացրել են, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարումը Արևմտյան Եվրոպայի սպառողներին կշարունակվի:
Ուկրաինական “Նևտոգազ” ընկերության տրամադրած տվյալների համաձայն` Ռուսաստանից եկող վառելիքի ծավալը նվազել է: Ռուսաստանի “Գազպրոմ” պետական մենաշնորհային ընկերությունը վառելիքի հոսքը նվազեցրել է հունվարի մեկին` Մոսկվայի ժամանակով առավոտյան 10:00-ին: “Գազպրոմ”-ի խոսնակ Սերգեյ Կուպրիանովը տեղեկացրել է, որ նոր տարվա համար մատակարարման պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները, չտալով որևէ արդյունք, ավարտվել են չորեքշաբթի ուշ երեկոյան:
Ըստ Կուպրիանովի` հիմնական խնդիրը ոչ թե գազի գնի շուրջ համաձայնության բացակայությունն էր, այլ` այն հանգամանքը, որ “Նևտոգազ” ընկերության պատվիրակությունը լիազորված չէր նոր պայմանագիր ստորագրել:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի մամուլի խոսնակներից մեկը հրաժարվել է մեկնաբանել ընթացիկ տարաձայնությունը, սակայն Ուկրաինայի նախագահի ինտերնետային էջում տեղադրված նախագահ Յուշչենկոյի և վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի համատեղ հայտարարությունից բխում է, որ գազի գինը շարունակում է մտահոգության առարկա է մնալ:
Նշված հայտարարության համաձայն` Ռուսաստանի առաջարկած հազար խորանարդ մետրի դիմաց 250 դոլար գինը արտացոլում է համաշխարհային շուկայում նավթի գների իջեցումը և համապատասխանում է Կենտրոնական Եվրոպայի համար նախատեսված բնական գազի գնին: Սակայն, ինչպես նշված է հայտարարությունում, Ռուսաստանը փորձում է յուրաքանչյուր հարյուր կիլոմետր գազատարի համար տարանցիկ վճարը սահմանել 1.70 դոլար, ինչը մոտ երկու անգամ ցածր է Կենտրոնական Եվորապայում գործող միջին գնից և բավարար չէ գազատարերի պատշաճ խնամքի համար: Ուկրաինան իր հերթին առաջրկում է տարանցիկ վճարը սահմանել 2 դոլարից ոչ պակաս, իսկ հազար խորանարդ մետր գազի գինը` 201 դոլար: Ընդ որում, անցյալ տարի գազի գինը սահմանվել է 179 դոլար:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ուկրաինան ունի բավարար պաշարներ, որպեսզի գազի մատակարարման դադարեցումը չանդրադառնա բնակչության վրա: Ուկրաինան նաև հավաստիացնում է, որ իր տարածքով ռուսական գազի մատակարումը Արևմտյան Եվրոպայի երկրներին կշարունակվի առանց խափանման: