Մատչելի հղումներ

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը խոզի գրիպի համավարակի ահազանգ է բարձրացրել


Ամբողջ աշխարհում անհապաղ միջոցներ են ձեռնարկվում` կանխելու Մեքսիկայում 149 մարդու կյանք խլած և առնվազն 1500 մարդու շրջանում տարածված խոզի գրիպի տարածումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համավարակի ահազանգ է բարձրացրել: Առողջապահության բնագավառի պաշտոնյաները կոչ են անում մարդկանց հաճախ լվանալ ձեռքերը և աչալուրջ լինել գրիպանման ախտանիշների դեպքում:

Մեքսիկայում զինվորները բժշկական դիմակներ են բաժանում: Խոզի գրիպի նոր տեսակը ճանապարհորդողների միջոցով Մեքսիկայից տարածվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա և Իսպանիա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դոկտոր Կեյջի Ֆուկուդան ասում է. "Այժմ մենք կարող ենք ասել, որ գրիպի համավարակի լուրջ վտանգ կա, սակայն այս պահին դեռևս համավարակ չկա”:

Մեքսիկացի բժիշկ Ֆրենք Ռոզենգաուսը նշել է, որ ներկա դասակարգումից հետևում է, որ գրիպը կարող է մարդուց մարդ փոխանցվել: Նա մանրամասնել է, որ հիվանդները վարակը կարող են տարածել ախտանիշների ի հայտ գալուց մեկ օր առաջվանից մինչև դրանց ի հայտ գալուց հետո յոթ օր ընկած ժամանակահատվածում:

Խոզի գրիպի վարակը սովորաբար տարածվում է խոզերի շրջանում, սակայն սա նոր շտամ է: Ըստ Կեյջի Ֆուկուդայի` սա խոզի գրիպի վարակի նոր տեսակ է: Այն նոր է թե՛ խոզերի և թե՛ մարդկանց համար:

Հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավերը և ընդհանուր հոգնածությունը: Բացի այդ, կարող է լինել սրտխառնոց, փսխում կամ լուծ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ համավարակի առկայությունը դեռևս հստակ չէ, սակայն մարդիկ գրիպի այս նոր տեսակի հանդեպ դիմադրողականություն դեռևս ձեռք չեն բերել:

Միջազգային մակարդակով արդեն իսկ իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Բազմաթիվ պետություններ համապատասխան հսկողություն են սահմանել Մեքսիկայից կամ ԱՄՆ-ի որոշ հատվածներից ժամանող ուղևորների համար: ԱՄՆ-ի այն դպրոցները, որտեղ գրիպի վարակով աշակերտներ էին հայտնաբերվել, ամբողջովին սանիտարահիգիենիկ մաքրման են ենթարկվել:

"Ակնհայտ է, որ սա մտահոգության առարկա է և չափազանց զգոնություն է պահանջում, սակայն խուճապի մատնվել պետք չէ”, նշել է նախագահ Օբաման:

Օբամայի վարչակազմը առողջապահական տեսանկյունից արտակարգ իրավիճակ հայտարարեց այն բանից հետո, երբ խոզի գրիպի 50 դեպք արձանագրվեց:

Ձեռնարկվելիք քայլերից մեկը դաշնային պաշարներից Տամիֆլուի 12 միլիոն դեղաչափի տրամադրումն է նահանգներին:

Գրիպի այս տեսակի կանխարգելման համար պատվաստում գոյություն չունի, սակայն վարակի վրա ներազդում են Տամիֆլուի և Ռելենզայի կարգի դեղամիջոցները:

Առողջապահական փորձագետները փորձում են հասկանալ, թե իչնու Մեքսիկայից դուրս ի հայտ եկող դեպքերն ընթանում են համեմատաբար թեթև ախտանիշներով, մինչդեռ Մեքսիկայում վարակից մահանում են: Ընդ որում մահանում են երիտասարդները, ովքեր ամենադիմացկունը պետք է լինեն վարակի հանդեպ:

Որպես կանխարգելում` Մեքսիկայի իշխանությունները ռեստորաններ և նույնիսկ եկեղեցիներ են փակել:

XS
SM
MD
LG