Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում մի քանի լաբորատորիաներ փորձում են A-H1N1 խոզի գրիպի դեմ պատվաստանյութ մշակել, սակայն այդ գործընթացը կարող է ամիսներ տևել:
Խոզի գրիպով հիվանդների թվի աճին զուգահեռ առավել ակտիվանում են A-H1N1 խոզի գրիպի դեմ պատվաստանյութի մշակմանն ուղղված ջանքերը:
Թռչնագրիպի դեմ պատվաստանյութի փորձարկումներ կատարած Մերիլենդի համալսարանից դոկտոր Վիլբուր Չենն այն գիտնականներից է, ովքեր հետազոտում են կենդանիներից մարդկանց փոխանցվող գրիպի վիրուսները: Մի շարք այլ գիտնականների հետ նա աշխատում է պատվաստանյութի մշակման ուղղությամբ:
"Մենք` այս բնագավառում աշխատող գիտնականներս, կցանկանայինք, որ տեխնոլոգիաների զարգացումը մեզ թույլ տար շատ արագ կերպով պատվաստանյութեր մշակել”, ասում է նա:Սակայն պատվաստանյութի մշակման գործընթացը կարող է նույնիսկ երեք ամսից ավել պահանջի: Գիտնականներն առաջին հերթին հավի բեղմնավորված ձվերի մեջ կենդանի վիրուս են ներարկում և այնուհետև սպասում են: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնին արդեն իսկ հաջողվել է մեկուսացնել վիրուսի մի նմուշ և աճեցնել, այսպես կոչված, սերմնային պաշար, այն է` վիրուսի շտամ, որը որպես պատվաստանյութի հիմք կարող է ծառայել:
Պատվաստանյութեր արտադրող Մեդիմյուն կազմակերպության ավագ գիտնականներից Էդվարդ Մոկարսկին ասում է, որ անսպասելի չէ, որ գրիպի այս տեսակը շատ-շատերին է հետաքրքրում: “Այն անհրաժեշտ է սկզբում կենդանիների վրա փորձարկել` համոզվելու, որ այն անվտանգ է մարդկանց համար, և որ կիրառման դեպքում այն այլ հիվանդություններ չի առաջացնի”, ասում է նա:
Շատ դժվար է ապահովել պատվաստանյութի արագ մշակումը` միաժամանակ երաշխավորելով կողմնակի ազդեցությունների բացակայությունը: Գիտնականներին մինչ այժմ հանգիստ չի տալիս 1976թ. խոզի գրիպի տարածման ժամանակ ԱՄՆ-ում զանգվածային պատվաստման ծրագրի հետևանքները: Չնայած վիրուսը համավարակի չվերածվեց, մոտ 30 մահ արձանագրվեց, ամենայն հավանականությամբ, պատվաստանյութի արդյունքում առաջացած նյարդաբանական խանգարումներից:
"Եթե վարակն իսկապես սկսի շատ արագ տարածվել բնակչության շրջանում, կարծում եմ, նույնիսկ որոշ թեթև կողմնակի ազդեցությունների դեպքում, ինչպես օրինակ` մի քանի օր շարունակվող ցավերը կամ բարձր ջերմությունը, ստիպված կլինենք կիրառել պատվաստանյութը”, նշում է դոկտոր Վիլբուր Չենը:
Դեղաչափը սահմանվում է մարդկանց շրջանում անցկացվող փորձարկումների ժամանակ: Դոկտոր Ռոբըրթ Բելշը Սեյնթ Լուիսի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատվաստանյութերի մշակման բաժանմունքի ղեկավարն է:
Նա խոսքերով` մի քանի ամիս կպահանջվի պատվաստանյութը մշակելու և կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար: “Հարց է ծագում` արդյոք մինչև աշուն մեզ կհաջողվի պատվաստանյութ մշակել: Համոզված եմ` պատվաստանյութ արտադրող ընկերություններն այժմ ջանք չեն խնայում, որպեսզի գալիք երկու ամիսների ընթացքում համապատասխան պատվաստանյութ ստանան”, ասում է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում մի քանի լաբորատորիա արդեն զբաղվում է պատվաստանյութի մշակմամբ:
Փորձագետներն ասում են, որ չնայած խոզի գրիպի դեպքերը, հնարավոր է, հետզհետե նվազեն, վիրուսը այս տարվա ընթացքում կրկին ի հայտ կգա: Այդ իսկ պատճառով գիտնականները պետք է որոշեն` արդյոք դրանից եկող վտանգն այնքան բարձր է, որպեսզի այն ներառվի այս տարվա աշնանը տրամադրվելիք գրիպի դեմ ընդհանուր պատվաստանյութի մեջ:
Դոկտոր Վիլբուր Չենն ասում է, որ սովորաբար գրիպի դեմ տարեկան պատվաստումը պարունակում է այն երեք վիրուսի տարրերը, որոնք գիտնականների կարծիքով ի հայտ կգան հաջորդ տարի: Այս տարվա համար դրանք արդեն ընտրվել են:
Գիտնականները սակայն ասում են, որ այդ ընտրությունը միանշանակ չէ, քանի որ գրիպը շատ արագ է փոփոխության ենթարկվում: " Դոկտոր Ռոբըրթ Բելշի խոսքերով` գրիպն անկանխատեսելի է, և անհնար է որևէ հստակ որոշում կայացնել:
Առայժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր պետություններին խորհուրդ է տալիս ակտիվացնել համավարակի նախապատրաստման ծրագրերը: