Մատչելի հղումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մոտ 1,500 խոզի գրիպի դեպք է արձանագրվել


ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը խորհուրդ է տալիս այն դպրոցներին, որոնք A-H1N1 վիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո փակվել էին, վերսկսել իրենց աշխատանքները: Այս նոր մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդությունն սպասվածից առավել թեթև ընթացք է ստանում:

Խոզի գրիպի տարածման արդյունքում ԱՄՆ-ում շուրջ 500 դպրոց էր փակվել: Սակայն երեքշաբթի օրը ԱՄՆ-ի առողջապահական մարմինները հաղորդել են, որ դպրոցները կարող են վերսկսել իրենց աշխատանքները:

Այդ մասին նաև արձագանքել է Առողջապահության և հանրային ծառայությունների նախարար Քեթլին Սիբելիուսը: "Հիվանդության վերջնական դրսևորումը նախապես սպասվածից առավել թեթև է: Մահացության տոկոսը նույսնպես սպասվածից բավականին ցածր է”, նշել է նա:

Սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաներն ասում են, որ, չնայած այս նոր մոտեցմանը, վիրուսը շարունակում է արագ կերպով տարածվել, և խորհուրդ են տալիս, որպեսզի աշակերտներն առնվազն ևս մեկ շաբաթ դպրոց չհաճախեն:

Մինչդեռ Չինաստանի իշխանությունները կարանտինի ենթարկված Մեքսիկայի քաղաքացիներին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել է Պեկինի օդանավակայան, որտեղից նրանք մեկնել են Մեքսիկայի կառավարության կազմակերպած չարտեռային թռիչքով:

Մեքսիկայի դիվանագետները բողոք են ներկայացրել առ այն, որ կարանտինի ենթարկվածներից շատերը գրիպի ախտանիշներ չեն ունեցել և պահվել են պարզապես իրենց քաղաքացիության հիմքով:

Չինաստանն իր խիստ միջոցառումները պատճառաբանում է հանրային առողջապահության պահպանման նկատառումներով և չի ընդունում այն մեղադրանքը, որ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվել կոնկրետ խմբի մարդկան հանդեպ: Չինաստանի կառավարությունը կարանտինի է ենթարկել նաև 25 կանադացի ուսանողների:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մա Չաոժուն նշել է, որ Չինաստանի օրենսդրությամբ կարանտինի որոշակի ժամկետ է սահմանված: “Այդ ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ձեռնարկած գործողությունները համահունչ են և չեն հակասում մեր օրենքներին”, մանրամասնել է նա:

Հոնկոնգի հյուրանոցներից մեկում օթևանած մեքսիկացի զբոսաշրջիկի մոտ խոզի գրիպի հաստատումից հետո շուրջ մեկ շաբաթ հարյուրավոր մարդիկ այդ հյուրանոցում կարանտինի մեջ են պահվել:

Հոնկոնգի գործադիր մարմնի ղեկավար Դոնալ Ծյանգը երեքշաբթի օրը կարանտինի համար ներողություն է խնդրել: "Երբ հայտնաբերեցինք այս վիրուսի առաջին դեպքը, որի մասին քիչ տեղեկություններ ունեինք, ստիպված էին խիստ միջոցառումներ ձեռնարկել դրա տարածումը կանխելու համար”, ասել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ առայժմ աշխարհում խոզի գրիպի մոտ հազար հինգ հարյուր դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG