ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին գտնվող Տիխուանա քաղաքը գոյատևում է տնտեսական անկման և տուրիզմի կրճատման պայմաններում: Ոմանք անկմանը դիմակայում են ամերիկյան բարեգործական ընկերությունների տրամադրած մի քանի հարյուր դոլար արժողությամբ փոքր վարկերի միջոցով:
Տիխուանայի երբեմնի մարդաշատ փողոցներն այժմ հիմնականում դատարկ են: Հանցագործությունների և թմրանյութերի վերաբերյալ նորությունների արդյունքում զբոսաշրջիկներն այլևս չեն այցելում Մեքսիկայի սահմանին գտնվող մեկ ու կես միլիոնանոց այս քաղաքը:
Խոզի գրիպի համաճարակը Տիխուանայի վրա այն ազդեցությունը չի ունեցել, ինչ Մեքսիկայի այլ վայրերում: Սակայն հեռուստատեսությամբ ցուցադրվող հեռավոր Մեխիկո Սիթիում դիմակներ կրող մարդկանց պատկերները նույնպես վանել են զբոսաշրջիկներին:
Տիխուանայի ամենաաղքատ վայրերում` կոլոնիաներում, մարդիկ դժվարությամբ են ապրուստ վաստակում: Հարավային Մեքսիկայից 7 երեխայի մայր 39-ամյա Սոկոռո Վիլավիսենցիոն, օրինակ, վաճառում է իր պատրաստած զարդերը, որոնց նյութերը գնում է Վորլդ Վիժըն բարեգործական կազմակերպության վարկերով: Վաճառքը, սակայն, կրճատվել է, իսկ հանցագործությունների վախն էլ վանել է զբոսաշրջիկներին: Նա ասում է, որ հեռուստացույցով դիտում է նորություններւ և տեսնում, որ ԱՄՆ-ում ոստիկանությունը թույլ չի տալիս ամերիկացիներին անցնել սահմանը` ասելով, որ Մեքսիկան վտանգավոր է:
ԱՄՆ-ի պաշտոնյաները զբոսաշրջիկներին զգուշացնում են զգոն լինել, սակայն չեն արգելում ճամփորդել: Փաստ այն է, որ շատերը չեն ցանկանում:
Մեկ այլ կոլոնիայում Վորլդ Վիժընի փոքր վարկերով ստեղծված կանանց կոոպերատիվի անդամ Մարիա դել Ռեֆուջիո Սալազարն իր հարևանների հետ պայքարում է բիզնեսի կենսունակ պահելու համար: “Վարտիքներ ենք կարում, ամրակներ տեղադրում և կարուձևի այլ ծրագրեր իրականացնում: Չնայած բոլոր ծրագրերն էլ փոքր են եղել, առավելագույն արդյունքը և հիմնական օգուտը կարուձևի ծրագրերից ենք քաղել”, ասում է Ռեֆուջիո Սլաազարը:
Տնտեսական անկումը հարվածել է նաև մեքենայի պահեստամասերի գործակալ Խոսե Խուան Ռամիրեզ Բրիբիեսկային, ով փոքր վարկերի շնորհիվ աշխատում է շարունակել իր բիզնեսը: Նա ասում է, որ որոշակի պարտք է կուտակել ապրանքների գնումներից:
“Մենք վարկ ենք վերցնում: Վաճառքը կրճատվել է, իսկ մարդիկ էլ` չեն շտապում վճարել”, ասում է նա:
Վորլդ Վիժընից ծրագրի ղեկավար Նոե Մարտինեզ Վիդալի պնդմամբ` այս ամենն էլ ավելի է բարդացնում իրավիճակն այս կոլոնիաներում, որտեղ գործազրկությունը շատ բարձր է: Նա ասում է, որ 1000 ընտանիքներից առնվազն 30 տոկոսը տնտեսական իրավիճակի արդյունքում կորցրել է աշխատանքը, ինչը մեծ ազդեցություն է ունեցել ընտանիքի կենսակերպի վրա:
Տիխուանայի աղքատ մարդու կյանքը դժվար է նույնիսկ լավ ժամանակներում: Այսօր այն ավելի է դժվարացել: