Մատչելի հղումներ

Արտասահմանցի փորձառու աշխատողները, հնարավոր է, ստիպված լինեն ԱՄՆ-ից հայրենիք վերադառնալ


ԱՄՆ-ի կառավարությունը նոր սահմանափակումներ է նախատեսել ԱՄՆ-ում աշխատել ցանկացող փորձառու օտարերկրացի աշխատողների համար:

ԱՄՆ-ի բիզնեսի ֆակուլտետներում սովորող արտասահմանցի ուսանողները մեծ ներդրումներ են արել ամերիկյան կրթություն ստանալու համար` հետագայում աշխատանք գտնելու և ուսանողական պարտքերը վճարելու ակնկալիքով:

Թուրքիայից Նազլի Օգուզսիմսարօղլուն այդպիսի ուսանողներից է: ԱՄՆ-ի մեծահամբավ բիզնես դպրոցներից մեկն ավարտելուց հետո նա աշխատանքի հրավեր էր ստացել Մերիլ Լինչ խոշոր ներդրումային հաստատությունից:

“Առաջին հերթին ինձ հետաքրքրեց Մերիլ Լինչի նախապատրաստական դասընթացը: Նույնիսկ փոքր բանկերը փորձում են աշխատանքի վերցնել այն մարդկանց, ովքեր նման մեծահամբավ ընկերություններում աշխատանքի փորձ ունեն արդեն”, ասում է նա:

Սակայն նրա աշխատանքը երկար չտևեց: Այլ խոշոր ներդրումային բանկերի նման Մերիլ Լինչը չկարողացավ դիմակայել ֆինանսական ճգնաժամի դժվարություններին և միաձուլվեց Bank of America-ի հետ:

Այնուհետև Bank of America-ն ստիպված էր տնտեսության խթանման պետական ծրագրի շրջանակներուն փոխառություն վերցնել պետական ֆոնդից, ինչի արդյունքում պետք է հետևեր արտասահմանյան աշխատողներ վարձելու սահմանափակումներին:

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի ծրագրերից մեկի աշխատակից Վիվեկ Ուադվայի կարծիքով` սահմանափակումներն ուղեղների արտահոսք են ստեղծում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի տնտեսությանը տաղանդավոր և նորարարական ներուժ է անհրաժեշտ:

“Այս օրենքով մենք ասում ենք, որ դժավարությունների դեպքում փակում ենք դռներն այլոց առջև: Ամենատաղանդավոր մասնագետները հնարավորություններ են փնտրում այլ երկրներում: Նրանք կնախընտրեն գնալ Ավստրալիա կամ Կանադա, որտեղ մի քանի տարի աշխատելուց հետո կկարողանան փակել ուսանողական փոխառությունները: Դա մեծ կորուստ է ԱՄՆ-ի համար”, կարծում է նա:

Վիվեկ Ուադվայի հետազոտությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի տեխնոլոգիական ընկերությունների մեկ չորրորդը հիմնադրվել են ներգաղթողների ուժերով, ինչը ցույց է տալիս, որ օտարերկրացիները աշխատատեղեր են ստեղծում ամերիկացիների համար, և ոչ թե զրկում նրանց աշխատանքից:

Նազլի Օգուզսիմսարօղլին կարծում է, որ երբեք չես կարող վստահ լինել, որ աշխատանքով ապահովված կլինես, և միշտ պետք է այլընտրանքային քայլեր նախատեսել: Նա պատրաստվում է շարունակել ուսումը և չդադարեցնել աշխատանք փնտրել:

XS
SM
MD
LG