Վերջերս Ռուսաստանի Եկատիրինբուրգ քաղաքում ձերբակալվել է ազատազրկվածների իրավապաշտպան Ալեքսեյ Սոկոլովը: Զենքի կիրառմամբ գողության մեղադրանքով` նա կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Ալեքսեյ Սոկոլովին մի շարք հացրեր էին հուզում: Ինչու՞ են Ռուսաստանի բանտարկյալները բանտերից հաշմանդամ դուրս գալիս: Ինչու՞ են ծնողներն ստիպված լինում իրենց ազատազրկված զավակներին բանտերից իսկ թաղել: Ինչու՞ բանտերից ստացված մահվան վկայականներում որպես մահվան պատճառ նշվում է թոքաբորբը, երբ դիակի վրա ակնհայտ են արյունահոսության հետքերը և կոտրված ոսկորները:
Այս հարցադրումները Սոկոլովը ներկայացրել է 2007թ. “Խոշտանգումների ֆաբրիկա” վավերագրական տեսանյութում, որտեղ նա ցույց էր տալիս Ռուսաստանի բանտերում դաժան ծեծի դրսևորումները:
Սոկոլովին ձերբակալել են մայիսի 13-ին` հինգ տարի առաջ տեղի ունեցած զենքի կիրառմամբ կատարված գողությանը մասնակցելու մեղադրանքով, տվյալ հանցագործության համար ազատազրկված մեկ այլ անձի վկայության հիման վրա: Սոկոլովի կնոջ խոսքերով` նրան ձերբակալել են, երբ վերջինս զբոսնում էր իր երկամյա դստեր հետ:
Ամնեսթի Ինթըրնեշընլ կազմակերպության Մոսկվայի գրասենյակից Ֆրեդերիք Բեհրն ասում է, որ գրասենյակը ռուսական բանտերում ազատազրկվածներից վկայություններ է ստանում, որ, սուտ վկայության կորզելու նկատառումով, բանտարկյալներին խոշտանգումների են ենթարկում կամ ազատազրկման պայմանների բարելավում են խոստանում:
Սվերդլովսկ շրջանի Ներքին գործերի նախարարության խոսնակը հավաստիացրել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Սոկոլովի աշխատանքը որևէ կապ չունի ներկա մեղադրանքի հետ:
Մինչդեռ Սոկոլովի կնոջ խոսքերով` “Խոշտանգումների ֆաբրիկան” ֆիլմի թողարկումից հետո նա հաճախ սպառնալիքներ է ստացել: Նա նույնիսկ նշել է, որ իշխանություններն իր ամուսնուն սպառնացել են, որ բանտից հաշմանդամ դուրս կգա:
Վավերակագրական ֆիլմում Սոկոլովը մեծապես քննադատել է քրեակատարողական համակարգը` ուշադրությունը բևեռելով Եկանտերինբուգրում գտնվող IK-2 կալանավայրի վրա:
Այդ իսկ պատճառով Ֆրեդերիք Բեհրը կարծում է, որ Սոկոլովը կալանավայրում բազմաթիվ թշնամիներ կարող է ունենալ, այդ թվում` ֆիլմի արդյունքում աշխատանք կորցրած քրեակատարողական հաստատության աշխատակիցները, ովքեր ազատազրկվածներին ծեծի էին ենթարկում:
Բազմաթիվ մեծահամբավ ռուսական իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ մեծապես դատապարտել են Սոկոլովի ձերբակալությունը: Սոկոլովը գտնվում է նախնական կալանքի տակ, մինչդեռ դատական նիստի օր դեռևս նշանակված չէ: