Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը ընդլայնել միջազգային համագործակցությունը Աֆղանստանի հարցում:
Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և այլ պետությունների ներկայացուցիչների հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը նախարար Լավրովը պատրաստակամություն է հայտնել ՆԱՏՕ-ի և այլ պետությունների հետ համագործակցել` Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու նպատակով: Մասնավորապես նա կարևորել է թմրանյութերի` Ռուսաստան և Աֆղանստանի հարևանությամբ այլ երկրներ ապօրինի ներկրման դեմ ուղղված ջանքերը:
Ռուսաստանն արդեն իսկ ՆԱՏՕ-ին թույլ է տալիս երկրի տարածքով Աֆղանստան տեղափոխել ոչ մահացու առարկաներ: Նախարար Լավրովը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել կառուցողական համագործակցության հնարավոր բոլոր եզրերը:
Նշված հանդիպումը տեղի է ունեցել Շանխայի համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում: Այս կազմակերպությունում ընդգրկված են Ռուսաստանը, Չինաստանը, Կենտրոնական Ասիայից Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Համաժողովին նաև մասնակցում էին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչներ Իրանից և ԱՄՆ-ից:
Մոսկվայում կազմակերպված համաժողովը նախորդում է չորս օր հետո Հաագայում ՄԱԿ-ի հովանավորչության ներքո կայանալիք Աֆղանստանի շուրջ հանդիպմանը:
Մինչդեռ Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարները Չեխիայում տեղի ունեցած հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել առավել մեծ թվով իրավապահ մարմինների վերապատրաստման անձնակազմ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ուղարկել Աֆղանստան: Սակայն լրացուցիչ զորամիավորների ուղարկման մասին չի նշվել:
Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի բանակի գլխավոր հրամանատար գեներալ Ռիչարդ Դանաթը Թայմս օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ զինուժ ուղարկել Աֆղանստան: Պաշտպանության նախարարության աղբյուրներից նշում են, որ լրացուցիչ զորամիավորների թիվը կարող է հասնել 2,000-ի: